ԱՄՆ-ում դատարանը թույլատրել է երգիչ Փրինսի ԴՆԹ հետազոտություն իրականացնել
ԱՄՆ-ում դատավոր Քևին Էյդը հայտարարել է, որ ամերիկյան Մինեսոտա նահանգի իշխանությունները հայտնի երգիչ Փրինսի ԴՆԹ հետազոտություն կիրականացնեն, հայտնում է kommersant.ru-ն։
Էյդը բավարարել է Bremer Trust ընկերության միջնորդությունը, որը երաժշտի ունեցվածքի ժամանակավոր կառավարիչն է։
Դատավորը «համաձայնել է մերձավորության աստիճանը որոշելու համար Փրինսի ԴՆԹ-ի օգտագործման անհրաժեշտությանը»։ Դա անհրաժեշտ է երգչի ունեցվածքը բաժանելու համար։
Փրինսի միակ ազգականը համարվում է նրա քույրը՝ Տայկա Նելսոնը։ Նա հայտարարել է, որ Փրինսը կտակ չի թողել, և դիմել էր դատարան՝ իրեն երգչի ժառանգության կառավարիչ նշանակելու համար։
Երգիչը երկու անգամ ամուսնացած է եղել։ Առաջին ամուսնությունը, որից նաև երեխա էր ծնվել, ավարտվել էր 1999 թվականին։ Փրինսի որդին մահացել էր ծնունդից մեկ շաբաթ անց՝ բնածին հիվանդությունից։ Երկրորդ կնոջից երգիչը բաժանվել է 2006 թվականին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ապրիլի 21-ին կյանքից հեռացած երգիչ Փրինսի օրգանիզմում փորձաքննությունը Percocet ցավազրկողի մեծ դոզա է հայտնաբերել։










