Ջասթին Թիմբերլեյքը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչի բացման ժամանակ

20:18 • 09.05.16

Ամերիկացի երգիչ Ջասթին Թիմբերլեյքը որպես հյուր ելույթ կունենա «Եվրատեսիլ-2016» երգի  մրցույթի եզրափակչի բացման ժամանակ Ստոկհոլմում: Այս մասին ասվում է եվրոպական երգի մրցույթի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: 

Թիմբերլեյքը կկատարի Can't Stop The Feeling նոր երգը: Նշվում է, որ եվրատեսիլյան կատարումը կդառնա  երաժիշտի նոր սինգլի համաշխարհային պրեմիերան:

«Եվրատեսիլ-2016» մրցույթի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 14-ին:  Հիշեցնենք, որ մեր մասնակիցը Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ է ունենալու առաջին կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 10-ին` 7 համարի ներքո:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ եվրոպական երաժշտության մրցույթն այս տարի առաջին անգամ ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ԱՄՆ-ում:

Նշենք, որ օրեր առաջ Եվրոպական հեռարձակողների միությունը հաղորդել էր  «Եվրատեսիլ» երգի մրցույթի դրոշների քաղաքականության փոփոխության մասին: Կազմակերպիչները համաձայնել են մեղմացնել տարածաշրջանային, տեղական և ազգային դրոշների, այդ թվում` Արցախի դրոշի  քաղաքականության նկատմամբ խստությունը:

 

Ջասթին Թիմբերլեյքը ելույթ կունենա «Եվրատեսիլ-2016»-ի եզրափակչի բացման ժամանակ