Իվետա Մուկուչյանը կրքի ցունամի էր. Mосковский Kомсомолец-ի անդրադարձը «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակիչին

15:12 • 11.05.16

Mосковский Kомсомолец թերթի լրագրող Արթուր Գասպարյանն անդրադարձել է երեկ Ստոկհոլմում կայացած «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչի ժամանակ գրանցված ամենաուշագրավ պահերին։
 

Լրագրողը նկատել է, որ դատելով բազմահազարանոց հանդիսատեսի ծափահարությունների առատությունից` առաջին կիսաեզրափակիչի ֆավորիտներն են Ավստրիան, Ռուսաստանն ու Հայաստանը:

 

«Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը, ով իր LoveWave երգով շատ արտահայտիչ ու էրոտիկ կերպով հայտնվեց բեմի վրա, կրքի ցունամի էր: Նա իր գեղեցիկ ոտքերով մուտք գործեց լավագույն հնգյակ` այնտեղից դուրս թռցնելով Ավստրալիայի ներկայացուցչին»,-գրել է լրագրողը` հավելելով, որ նրա ելույթն իսկապես շատ լավն էր ու համոզիչ:
 

Գասպարյանն անդրադարձել է նաև մեր պատվիրակի սկանդալային քայլին` ԼՂՀ դրոշի ծածանմանը:

 

«Մինչ շատերը վիճում էին մրցույթի կազմակերպիչների կողմից արգելված դրոշների թեմայի շուրջ, Իվետան բոլորից ծածուկ իր հետ «կանաչ սենյակ» անցկացրեց Լեռնային Ղարաբաղի դրոշն ու ամենաանսպասելի պահին` քվեարկության արդյունքների հրապարակման ժամանակ, տեսախցիկների առաջ ծածանեց այն: Ենթադրում եմ, որ դա տեսնելով` մրցույթի կազմակերպիչների «բերանները բաց են մնացել»»,-շարունակել է լրագրողը:

 

Այնուհետև հեղինակը ներկայացրել է առաջին կիսաեզրափակիչին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Իվետա Մուկուչյանի մեկնաբանությունը` կապված ԼՂՀ դրոշի հետ:
 

«Անկեղծ ասած` ես ակնկալում էի այս հարցը: Դուք չպետք է մոռանաք, որ ես ներկայացնում եմ իմ երկիրը: Այն իմ սիրտն է, իմ հոգին, իմ զգացմունքները: Ուղղակի ցանկանում եմ, որ սահմաններին խաղաղություն տիրի: Ես ապրում եմ Գերմանիայում, ես հայուհի եմ, բայց միևնույն ժամանակ՝ ես աշխարհի մարդ եմ, ու ուզում եմ, որ աշխարհում տիրեն սերն ու խաղաղությունը: Ահա թե ինչու բարձրացրի այդ դրոշը»,-ասել է մեր երկրի ներկայացուցիչը:
 

Լրագրողը նշում է, որ այս խոսքերը լսելուց հետո սրահում ներկա լրագրողների մի մասը ծափահարել է, իսկ ոմանք էլ դժգոհ դեմքի արտահայտությամբ տարուբերել են գլուխները:

 



 

Իվետա Մուկուչյանը կրքի ցունամի էր. Mосковский Kомсомолец-ի անդրադարձը «Եվրատեսիլ-2016»-ի առաջին կիսաեզրափակիչին