Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգից գոյացած հասույթը կհատկացվի վիրավոր զինվորների ապաքինմանը

10:01 • 11.05.16

Ս. թ. մայիսի 12-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Կոմիտասի անվան ազգային քառյակի բարեգործական համերգը, որից գոյացած հասույթը կհատկացվի Արցախի բանակի վիրավոր զինվորների ապաքինմանը: Համերգի ընթացքում կհնչեն Պ. Չայկովսկու N2, Ս. Սարգսյանի Է. Միրզոյանին նվիրված և Է. Հովհաննիսյանի N3 կվարտետները. տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։


Կոմիտասի անվան քառյակը հիմնադրվել է 1924 թվականին` Մոսկվայի կոնսերվատորիայի հայ տաղանդավոր ուսանողներ Ավետ Գաբրիելյանի /1-ին ջութակ/, Լևոն Օհանջանյանի /2-րդ ջութակ/, Միքայել Տերյանի /ալտ/ և Սարգիս Ասլամազյանի /թավջութակ/ նախաձեռնությամբ: Քառյակի երաժիշտներից յուրաքանչյուրի կատարողականությունը աչքի է ընկնում անհատականությամբ և ինքնատիպությամբ. միևնույն ժամանակ նրանք անքակտելիորեն կապված են և լրացնում են միմյանց՝ կազմելով օրգանական ամբողջություն: Քառյակի պատմության ընթացքում նրա կազմը բազմիցս փոփոխվել է, այնուհանդերձ` անսամբլի նվագը միշտ առանձնացել է բարձր պրոֆեսիոնալիզմով:


Նշենք, որ Կոմիտասի անվան ազգային քառյակի ներկայիս կազմում ընդգրկված են Էդուարդ Թադևոսյանը /1-ին ջութակ/, Սյուզի Երիցյանը /2-րդ ջութակ/, Ալեքսանդր Կոսեմյանը /ալտ/, Հասմիկ Վարդանյանը /թավջութակ/: Քառյակի նվագացանկն ընդգրկում է Կոմիտասի երգերի մշակումները, հայ, ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների նշանակալից երկերը:
 

Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգից գոյացած հասույթը կհատկացվի վիրավոր զինվորների ապաքինմանը