Ադրիանե Օհանեսյանը խիզախության մրցանակի է արժանացել ֆոտոլրագրության ասպարեզում

23:00 • 12.05.16

Աշխարհի տարբեր վայրերում հակամարտությունները և համաշխարհային թեմաները լուսաբանող ֆոտոլրագրող Ադրիանե Օհանեսյանն արժանացել է Անյա Նիդրինգհաուսի անվան խիզախության մրցանակի, որը շնորհվում է ֆոտոլրագրության ասպարեզում:

 

Ինչպես հաղորդում է New York Times-ը, Anja Niedringhaus Courage մրցանակը, որը նախատեսում է  20 000 դոլարի պարգևատրում, ստեղծվել է Կանանց մեդիայի միջազգային հիմնադրամի (International Women’s Media Foundation) կողմից՝ ի հիշատակ Associated Press գործակալության ֆոտոլրագրող, Պուլիտցերյան մրցանակակի դափնեկիր Անյա Նիդրինգհաուսի, ով երկու տարի առաջ զոհվել է Աֆղանստանում իր մասնագիտական պարտականություններն իրականացնելիս:


Ադրիանե Օհանեսյանը արտահաստիքային ֆոտոլրագրող է, ով աշխատում է Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում: Նրա թեմատիկ  ֆոտոշարքերում տեղ են գտել Սուդանի, Հարավային Սուդանի և Դարֆուրի հակամարտությունները:


Ադրիանեն ծնվել է Նյու Յորքում և ուսանել Կոլորադոյի քոլեջում, ինչպես նաև Լուսանկարչության միջազգային կենտրոնում: Նրա լուսանկարները հրապարակվել են Al Jazeera, The Wall Street Journal, National Geographic և Time պարբերականներում:
 

 

Ադրիանե Օհանեսյանը խիզախության մրցանակի է արժանացել ֆոտոլրագրության ասպարեզում