Էրդողանը զանգահարել ու շնորհավորել է «Եվրատեսիլ-2016»-ի հաղթող Ջամալային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել ու շնորհավորել է Ուկրաինան ներկայացնող երգչուհի, Ղրիմի թաթար Ջամալային՝ «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հաղթելու կապակցությամբ։
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը, նախագահականի աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը Ջամալային զանգահարել է այսօր առավոտյան։
«1944» երգով Ղրիմի թաթարների վերապրած ողբերգության մասին պատմած Ջամալան «Եվրատեսիլ» երգի մրցույթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Էրդողանը Ջամալային նորանոր հաջողություններ է մաղթել, ինչին ի պատասխան երգչուհին նշել է, որ Էրդողանի հեռախոսազանգն անչափ հուզել է իրեն և շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին։










