Կրեմլում մեկնաբանել են Ուկրաինայում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցությունից Ռուսաստանի հրաժարվելու գաղափարը

15:09 • 16.05.16

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյի խոսքերն այն մասին, որ «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին պետք է թույլ տալ միայն այն ռուս երգիչների մասնակցությունը, որոնք ներառված չեն Ուկրաինայի իշխանությունների կազմած «սև ցուցակում»։

 

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի ուկրաինական քաղաքներից մեկում:

 

Պեսկովը հայտարարել է, որ մրցույթին մասնակիցների ընտրության կանոնները նույնն են բոլոր երկրների համար, և «Ուկրաինան նույնպես պետք է հետևի դրանց», հայտնում է НТВ-ն։

 

««Եվրատեսիլ»-ը միջազգային մրցույթ է, և հյուրընկալող կողմը պետք է հետևի կանոններին»,- ասել է նա։

 

Հարցին՝ միգուցե հրաժարվե՞լ հաջորդ տարի մրցույթին մասնակցությունից, Պեսկովն ասել է. «Ժամանակից շուտ մի ոգևորվեք»։

 

Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնք ներառված են «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթում։


Քաղաքական գործչի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել միայն այն երգիչները, որոնք «հասկանում են, որ Ղրիմի բռնազավթումն ու Դոնբասի մի մասի շրջափակումը» հանցագործություն է եղել:


Գերաշչենկոն հայտարարել է նաև, որ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր «աջակցություն չեն հայտնում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը», չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը:

 

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝  249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։

 

Կրեմլում մեկնաբանել են Ուկրաինայում անցկացվելիք «Եվրատեսիլ-2017»-ին մասնակցությունից Ռուսաստանի հրաժարվելու գաղափարը