Քաղաքականությունը չպետք է խառնվի երգի մրցույթներին. Սերգեյ Լազարևն արձագանքել է ուկրաինացի պաշտոնյայի խոսքերին

11:23 • 16.05.16

Ռուս հայտնի երգիչ, «Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Ռուսաստանը ներկայացրած Սերգեյ Լազարևն արձագանքել է Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Անտոն Գերաշչենկոյի խոսքերին, ով ասել էր, որ «Եվրատեսիլ-2017»-ին կարող են ելույթ ունենալ միայն այն ռուսները, ովքեր ներառված չեն Ուկրաինայի իշխանությունների կազմած «սև ցուցակում», հայտնում է НТВ-ն:

 

Սերգեյ Լազարևը հայտարարել է, որ քաղաքականությունը չպետք է խառնվի երգի մրցույթներին։
 

Հիշեցնենք, որ Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնք ներառված են «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթում։



Քաղաքական գործչի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել միայն այն երգիչները, որոնք «հասկանում են, որ Ղրիմի բռնազավթումն ու Դոնբասի մի մասի շրջափակումը» հանցագործություն է եղել:



Գերաշչենկոն հայտարարել է նաև, որ խոչընդոտ չի տեսնում այն կատարողների համար, ովքեր «աջակցություն չեն հայտնում Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությանը», չեն վիրավորում Ուկրաինայի ազգային արժանապատվությունը:

 


Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի ուկրաինական քաղաքներից մեկում:



«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝  249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։

Քաղաքականությունը չպետք է խառնվի երգի մրցույթներին. Սերգեյ Լազարևն արձագանքել է ուկրաինացի պաշտոնյայի խոսքերին