Քանի դեռ Արցախի մասնակցությունը ձևաչափում չկա, բանակցություններ չեն կարող լինել. Արմեն Ռուստամյան
Վիեննայում հանդիպմանը հստակ վերահաստատվեց, որ խոսք չի կարող գնալ հրադադարի նոր պայմանագրի մասին, այլ խոսքը գնալու է 1994-95 թվականների զինադադարի պայմանագրերի մասին. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Սա չափազանց կարևոր է, քանի որ արդեն իսկ ձևաչափն է հստակեցվում»,- ասաց նա:
Մյուս գլխավոր ձեռքբերումը նրա խոսքով՝ այն էր, որ, ի վերջո, զինադադարի ռեժիմի խախտումն արձանագրող մեխանիզմների ներդրումը պետք է կյանքի կոչվի և ընդլայնվի ԵԱՀԿ գործող նախագահի անձնական հանձնակատարի թիմը: «Սա՝ որպես ստարտ, կարելի է դրական համարել: Բնական է, դրանից հետո մնում են հիմնական հարցերը՝ բովանդակային հարցերը»,- ասաց նա, սակայն հավելեց, թե այս հանդիպման նպատակը, իհարկե, բովանդակային հարցերին անդրադառնալը չէր, այլ այն նախնական հայտարարությունները, որոնք Հայաստանը կատարել էր:
«Կարելի է ասել, որ ՀՀ-ի կողմից արված նախնական հայտարարությունների հարցում առաջընթաց կա»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը երեք պայման էր դրել՝ բանակցությունները վերսկսելու համար: Այս հանդիպումը, նրա խոսքով, բանակցություն չէր, ուղղակի հանդիպում էր, քանի որ բանակցության համար պետք է դրան մասնակցեր նաև Արցախը: Քանի դեռ այդ ձևաչափը չի աշխատում, բանակցություններ չեն կարող լինել:










