Շինեյդ Օ՛Քոնորը հայտնաբերվել է ողջ ու առողջ՝ Չիկագոյի մոտակայքում
Հանրահայտ երգչուհի Շինեյդ Օ՛Քոնորին գտել են ողջ ու առողջ՝ Չիկագոյի մոտակայքում: Այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը: Նրա հոգեբանական վիճակի մասին չի հաղորդվում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Իռլանդացի երգչուհուն գտել են ժամեր անց այն բանից հետո, երբ Չիկագոյի Ուիլմեթ արվարձանի ոստիկանությունը հայտարարել է նրա որոնումները սկսելու մասին:
Օ՛Քոնորը հեծանվային զբոսանքի է դուրս եկել կիրակի օրը՝ առավոտյան ժամը 6-ին, և չի վերադարձել: Շուտով ոստիկանություն զանգ է ստացվել նրա անհետանալու մասին: Զանգահարողը մտահոգված է եղել նրա առողջական վիճակով: Անցած տարի նա էմոցիոնալ պոռթկման վիճակում արդեն նախազգուշացրել է ինքնասպանության հնարավորության մասին:
Ականատեսները հայտնել են, որ երգչուհին հեծանվային զբոսանքի համար անհարմար հագուստ է կրել՝ սև բաճկոն, սև կաշվե տաբատ և սվիտեր:










