Կոբզոնը ցանկություն է հայտնել ներկայացնել Ռուսաստանը «Եվրատեսիլում»՝ ուկրաիներեն երգով
ՌԴ Պետդումայի պատգամավոր և հայտնի երգիչ Իոսիֆ Կոբզոնը հայտարարել է, որ կարող է Ռուսաստանը ներկայացնել հաջորդ տարի Ուկրաինայում անցկացվելիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, գրում է lenta.ru-ն:
«Ես չէի վախենա, ես կգնայի, իհարկե, եթե չեղարկեին իմ նկատմամբ սահմանված պատժամիջոցները»,- ասել է նա:
Կոբզոնը նշել է, որ մրցույթին կկատարեր ուկրաիներեն երգ, քանի որ այդ երկիրն իր հայրենիքն է: Երգիչը հավելել է, որ Ուկրաինա իր ժամանումից կվախենային նախագահ Պյոտր Պորոշենկոն և նրա մերձավորները:
Երկուշաբթի օրը Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունից պատգամավոր Վալերի Ռաշկինն առաջարկել է հաջորդ տարի «Եվրատեսիլ» ուղարկել Կոբզոնին: Ռաշկինի կարծիքով՝ երգիչը կկարողանա մրցույթին փոխանցել ռուսական ազգային ոգին: Եթե Ուկրաինան արգելի Կոբզոնի մուտքը, «Եվրատեսիլը» պետք է բոյկոտել, հայտարարել է Ռաշկինը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ- 2016» մրցույթում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցիչ Ջամալան` «1944» երգով: Համաձայն կանոնների՝ հաջորդ տարի մրցույթը կանցկացվի ուկրաինական քաղաքներից մեկում:
Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Գերաշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի մշակույթի գործիչները, որոնք ներառված են «սև ցուցակում», չեն կարող ելույթ ունենալ «Եվրատեսիլ- 2017» երգի միջազգային մրցույթում։ Քաղաքական գործչի խոսքով՝ մրցույթին կարող են մասնակցել միայն այն երգիչները, որոնք «հասկանում են, որ Ղրիմի բռնազավթումն ու Դոնբասի մի մասի շրջափակումը» հանցագործություն է եղել:
«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացրել է Իվետա Մուկուչյանը՝ 249 միավորով զբաղեցնելով 7-րդ տեղը։










