ԼՂ բանակցությունների ընթացքում առաջ չի քաշվել ՄԽ համանախագահների թվի ընդլայնման նախաձեռնություն. Իգոր Պոպով

20:13 • 07.06.16

ԼՂ հակամարտության կարգավորման որոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնության հասնելուց հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին: 



Ինչպես փոխանցում է  «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքսի» հետ հարցազրույցում այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Իգոր Պոպովը:


«Իրոք, այս փուլում ղարաբաղցիները ֆորմալ առումով բանակցություններին չեն մասնակցում: Սակայն այս թեմային մեծ ուշադրություն է դարձվում համանախագահների հանդիպումների ժամանակ և Հայաստանում, և Ադրբեջանում, և Լեռնային Ղարաբաղում: Կարծում եմ, բանակցությունների որոշակի փուլում, օրինակ, շրջանակային համաձայնության ձեռքբերումից հետո, հաշվի կառնվի նաև Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունը բանակցային գործընթացին»,- ասել է նա:


Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների թվի ընդլայնման թեմային՝ Պոպովը շեշտել է, որ ժամանակ առ ժամանակ թեման նետվում է լրատվական դաշտ ու ակտիվորեն առաջ մղվում քաղաքական հանրության կողմից:



«Սակայն ոչ կողմերի հետ մեր «եռյակի» բանակցությունների ընթացքում, ոչ էլ մյուս միջնորդների հետ շփումներում առաջ չի քաշվել համանախագահների թվի ընդլայնման նախաձեռնություն: Ի վերջո, կարգավորման համաձայնություն ձեռք բերելը կախված չէ համանախագահների թվից, այլ միայն կոմպրոմիսի հասնելու՝ կողմերի պատրաստակամությունից»,- հայտարարել է ՄԽ ռուսաստանցի համանախագահը: 

 

 

 

 

ԼՂ բանակցությունների ընթացքում առաջ չի քաշվել ՄԽ համանախագահների թվի ընդլայնման նախաձեռնություն. Իգոր Պոպով