ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել Հյուսիսային Իրաքում  ԻՊ-ի կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու որոշման նախագիծը  

10:48 • 09.06.16

 

ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել  «Հյուսիսային Իրաքում  Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման կողմից եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը դատապարտելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

Օրենսդրական նախաձեռնության համահեղինակներ են՝  ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանն ու «Ժառանգությունից» Թևան Պողոսյանը:

Վերջինս Tert.am-ի հետ զրույցում հայտնեց՝ քանի որ թե՛ ԲՀԿ-ական պատգամավորները և թե՛ ինքն ունեին նմանատիպ նախագծեր, որոշեցին միավորել դրանք:

«Քանի որ խոսքն  առնչվում  է Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունը ներկայացնող ՀՀ քաղաքացիներին, որոնք իրավունք ունեն այն երկրում, որտեղ իրենք ապրում են,  իրենց ձայնը բարձրացնել, մանավանդ, որ նպատակը ցեղասպանության հանցագործությունները կանխելն է»,- հավելեց Թևան Պողոսյանը:

Նա նշեց, որ  հայտարարության տեքստը բաց է, ու բոլոր քաղաքական ուժերը կարող են միանալ:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ նախագծի համար խոսակցություններ կային, որ  Հյուսիսային Իրաքում եզդիների ցեղասպանությունը դատապարտող նախագիծ պետք  ուղարկվի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողով, սակայն հարցը հետաձգվում էր:

Թևան Պողոսյանը նշեց, որ նախագծի այս տարբերակը լրամշակված է ու հարուստ փաստագրական նյութերով:

Նախագիծը պատրաստելուց առաջ  համահեղինակները հանդիպել ու խորհրդակցություններ են անցկացրել եզդիների «Սինջար» միավորման ներկայացուցիչ Բորիս Մուրազիի հետ: