Արդարացված Արա Բուդաղյանն այսօր ազատ կարձակվի. դատախազությունն առձեռն ուղարկել է որոշումը ՔԿՀ

14:51 • 10.06.16

Չնայած քիչ առաջ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով մեղադրող դատախազի որոշմամբ մեղադրյալ Արա Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վիտալի Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ և որոշումների պատճեններն ուղարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմին, Արա Բուդաղյանը ազատ չի արձակվել: 

ԱՆ ՔԿՀ վարչությունից այս առթիվ Tert.am-ի հարցին ի պատասխան ասացին. «Արա Բուդաղյանի հետ կապված մենք այս պահին ոչ մի տեղեկություն և որոշում չունենք: Երբ որ որոշումը լինի մեր մոտ, այդ ժամանակ բնականաբար ազատ կարձակենք, բայց էս պահին որոշում չունենք»: 

Գլխավոր դատախազության հանրային կապերի հետ բաժնից Tert.am-ին պատասխանեցին, որ դատախազի որոշումն առձեռն ուղարկվել է ՔԿՀ և առաջիկա ժամերին հնարավոր է Բուդաղյանն ազատ արձակվի: 


Նշենք, որ դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ 2016թ. հունիսի 1-ի որոշմամբ  Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, Ա. Ղևոնդյանին և Մ. Գրիգորյանին ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից Նախաքննական մարմինը  Հ. Ավագյանի նկատմամբ անջատել է N քրեական գործը և փոփոխել մեղադրանքը և որոշումն ուղարկվել է դատախազին:

Նկատի ունենալով, որ Հ. Ավագյանի նկատմամբ քրեական գործն անջատվել է դատավարական նորմերի պահանջների խախտմամբ, դատախազի կողմից  քննիչին տրվել է ցուցում՝  անջատված քրեական գործը մայր գործին միացնելու մասին որոշում կայացնելու և միևնույն հանցագործությանը մասնակցելու մեջ մեղադրվող անձանց արարքներին մեկ վարույթի շրջանակներում պատշաճ իրավաբանական գնահատական տալու վերաբերյալ:

Տրված ցուցումների կատարման արդյունքում՝ նշված գործերը միացվել են մեկ վարույթում և հունիսի 10-ին  որոշումներ են կայացվել սպանության փորձի կատարմանը մասնակցելու համար Արա Բուդաղյանի և Վիտալի Մինասյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Դատախազի նույն օրը կայացված որոշումներով Արա Բուդաղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է, իսկ Վիտալի Մինասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է չհեռանալու մասին ստորագրությամբ:

Հիշեցնենք, որ Արա Բուդաղյանը մոտ մեկ տարի՝ 11,5 ամիս կալանավորված էր: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձին դրդելը: 

Դատարան ուղարկված գործով Սյունիքի մարզի 2 բնակիչներ՝ Հենրիկ Ավագյանը և Գարեն Աթաջանյանը մեղադրվում են սպանության` պատվերով, ապօրինաբար երկու և ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձ կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետեր), ինչպես նաև ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելու, կրելու և պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մաս):

 

 

 

Արդարացված Արա Բուդաղյանն այսօր ազատ կարձակվի. դատախազությունն առձեռն ուղարկել է որոշումը ՔԿՀ