Բուլղարիայում կարգելվի նիկաբ կրելը

21:27 • 20.06.16

Բուլղարիան կարող է դառնալ հերթական եվրոպական երկիրը, որտեղ կարգելվի նիկաբ կրելը: 

Ինչպես գրում է Euromag-ը՝ Բուլղարիան մտադիր է արգելել նիկաբի կամ փարաջայի կրումը հասարակական վայրերում: Այս նախաձեռնությամբ Բուլղարիան հետևում է Ֆրանսիային և Նիդերլանդներին:

Օրինագիծը, որը քննարկման է ներկայացրել «Հայրենասիրական ճակատ» կուսակցությունը, հաստատվել է առաջին ընթերցմամբ` խորհրդարանի անդամների 108 կողմ, 8 դեմ ձայնով:

Օրինագծի տեքստում ասվում է, որ դեմքը ծածկող հագուստը չի կարելի կրել հանրային վայրեր և տեղի պետական կառույցներ, դպրոցներ, մշակութային հաստատություններ, հանրային հանգստավայրեր այցելելիս:

Նրանք, ովքեր կխախտեն օրենքը առաջին անգամ, 102 եվրո տուգանք կվճարեն, երկրորդ և հաջորդ անգամ խախտողները 763 եվրո տուգանք կվճարեն և կզրկվեն սոցիալական արտոնություններից: