Հայաստանի գավաթ. «Փյունիկը» հաղթեց «Արարատին», «Ուրարտուն» կամային հաղթանակ տարավ «Անդրանիկի» նկատմամբ
Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Փյունիկը» նորաբաց «Ֆրիդոմ Արենա» մարզադաշտում 6-2 հաշվով ջախջախեց «Արարատին»։
Հանդիպման հաշիվը 5-րդ րոպեին բացեց Իման Գրիֆիտը։ Այնուհետև 20-րդ և 33-րդ րոպեներին Յասոնաս Պիկիսը հաշիվը դարձրեց խոշոր (3-0)։ 55-րդ րոպեին Գևորգ Տարախչյանը խփեց տանտերերի չորրորդ գնդակը, իսկ երկու րոպե անց՝ 57-րդ րոպեին, Պիկիսը ձևակերպեց հեթ-տրիկ։
Հյուրերը 63-րդ րոպեին Դիվայն Ուկադիկեի ջանքերով կրճատեցին հաշվի տարբերությունը, սակայն 69-րդ րոպեին Էդգար Մալաքյանը խփեց նռնագույնների վեցերորդ գոլը։ Հանդիպման վերջնական հաշիվը 81-րդ րոպեին ձևակերպեց արարատցի Պատրիկ Հանձոնգոն։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կամային հաղթանակ տարավ «Անդրանիկի» նկատմամբ՝ 3-2 հաշվով։ Հանդիպման 18-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Նարեկ Հովհաննիսյանը բացեց հաշիվը։ 25-րդ րոպեին Միգել Ռաջանին վերականգնեց հավասարությունը, իսկ 32-րդ րոպեին Օեգե վան Լինգենն առաջ մղեց տանտերերին։ 39-րդ րոպեին Հովհաննիսյանը, դառնալով դուբլի հեղինակ, կրկին հավասարեցրեց հաշիվը (2-2)։
«Ուրարտուի» հաղթական գնդակը 83-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց Ռաջանին՝ նույնպես ձևակերպելով դուբլ և իր թիմին պարգևելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակիչի ուղեգիր էին նվաճել նաև «Վանը» և «Միկան»։ Չարենցավանյան թիմը 2-1 հաշվով կամային հաղթանակ էր տարել Կապանի «Գանձասարի» նկատմամբ, իսկ «Միկան» հիմնական և լրացուցիչ ժամանակներում գրանցված գոլազուրկ ոչ-ոքիից հետո հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում առավելության էր հասել Արարատի Ավշարի նկատմամբ (5-3)։














