Արարատ Միրզոյանը Հիքմեթ Հաջիևի հայտարարությունը խաղաղությանը չնպաստող է համարել
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը խաղաղությանը չնպաստող է գնահատել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի վերջին հայտարարությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ սուր հայտարարությունների փոխանակումը կարող է բացասաբար ազդել խաղաղության ամրապնդման ջանքերի վրա։
Ազգային ժողովում քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությանը, թե Հայաստանը և հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրեն Ադրբեջանից։ Նա Միրզոյանից հետաքրքրվել է՝ ինչո՞ւ ԱԳՄԱ նախարարությունը չի արձագանքել այդ հայտարարությանը, և որքանո՞վ է նման խոսույթը նպաստում խաղաղության գործընթացին։
Միրզոյանը նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունը խաղաղություն է կառուցում՝ գիտակցելով այդ ճանապարհին առկա դժվարություններն ու խոչընդոտները։ Նրա խոսքով՝ հայկական կողմը փորձում է ամրապնդել խաղաղությունը և խուսափել նախկին առճակատման տրամաբանությանը վերադառնալուց։
«Պարոն Աբրահամյան, հավատացնում եմ ձեզ, ես այնքան ամպագոռգոռ և հայրենասիրական բառեր գիտեմ, այնքան պաթոսային բառեր գիտեմ։ Հարցը հետևյալն է՝ դա անելը կնպաստի՞։ Հիմա բերեցիք մի օրինակ, որը չի նպաստում։ Իհարկե չի նպաստում»,- ասել է Միրզոյանը։
Նախարարը հավելել է, որ ավելի սուր պատասխանին կարող է հաջորդել մյուս կողմի ավելի սուր արձագանքը՝ կողմերին տանելով բացասական զարգացումների ճանապարհով։
Պատգամավորի լրացուցիչ հարցը վերաբերել է նրան, թե արդյոք նման հայտարարությունը կարող է հետագայում դառնալ խաղաղության պայմանագրի ստորագրման ևս մեկ նախապայման։
Պատասխանելով՝ Միրզոյանն անդրադարձել է հակամարտության հետևանքներին և երկու հասարակությունների կրած ցավին՝ շեշտելով խաղաղության ու համագործակցության փուլ անցնելու անհրաժեշտությունը։
«Վերքերը շատ թարմ են, հակամարտությունը նոր է ավարտվել, զոհեր և արյուն է եղել այս կողմում, զոհեր և արյուն է եղել այն կողմում։ Բայց պետք է ավարտել այդ հակամարտությունը և մտնել խաղաղության, համագործակցության փուլ։ Դրանից մենք ենք շահելու, դրանից իրենք են շահելու»,- նշել է նախարարը։











