Շnրթում՝ Օշական գյուղում. կասկածյալները «օրենքով գող» «Օշականցի Գևորիկի»՝ Գևորգ Մելիքյանի, եղբայրն ու նրա որդին են

23:21 • 18.11.26

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններով պարզվել է շորթման դեպք, որին առնչություն է ունեցել քրեական հեղինակություն՝ այսպես կոչված «օրենքով գող»։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։

Ոստիկանության Աշտարակի բաժնում պարզվել է, որ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ Օշական գյուղում հաշվառված 48-ամյա Ստելլա Հ.-ի նկատմամբ շորթում է կատարվել։

Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ նրա հոր մահից հետո 2018 թվականին Օշական գյուղում գտնվող 11 հազար մետր մակերեսով վարելահողը ժառանգությամբ անցել է Ստելլա Հ․-ին, նրա մորը և քրոջը, այնուհետև քրոջ մասնաբաժինը լիազորագրով անցել է Ստելլա Հ․-ին, ինչի համար կա կադաստրային ծածկագիր։ Այն շուրջ 20 տարի շարունակ անօրինական կերպով տնօրինել և տիրապետել է քրեական հեղինակություն հանդիսացող «թուրք» մականվամբ՝ Օշական գյուղի բնակիչ 70-ամյա Սաշա Մելիքյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվ տեղեկություններով պարզվել է, որ Ս. Մելիքյանը օրենքով գող «Օշականցի Գևորիկի» մականվամբ Գևորգ Մելիքյանի եղբայրն է։

Պարզվել է, որ Ս․ Մելիքյանը Ստելլա Հ․-ի հոր մահից հետո նշված հողատարածքում ապօրինի կառուցել է շինություն և այն մարդկանց կողմից ստացել է «Թուրքի պիվնոյ» անունը։

Ըստ օպերատիվ տեղեկությունների այս տարվա մարտից Ստելլա Հ.-ին են զանգահարել նրա քույրը, քրոջ ամուսինը և փորձել են համոզել, որպեսզի կադաստրային ծածկագրով հողատարածքը նա տա Ս․ Մելիքյանին, սակայն մերժում ստանալով՝ Ստելլա Հ.-ի հեռախոսին տարբեր հեռախոսահամարներով զանգահարել է Ս․ Մելիքյանի որդին՝ Օշականի բնակիչ 37-ամյա Ալբերտ Մելիքյանը, անգամ սպառնացել է, որ «հողը պետք է տա հորը, եթե ոչ, ապա գիտի, որ որդին՝ Սոս Հ․-ն, ազատազրկման մեջ է, գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքի «Կրեստ» քրեակատարողական հիմնարկում, գիտի իրենք ով են, և ինչ կարող են անել գաղութում նրա որդու հետ։ Եթե չի ուզում խփել տա, ապա պետք է հողը տա Ս․ Մելիքյանին»։

Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը լուծելու համար։