Գազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատար
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի «Խան Յունիս» և «Արևմտյան Ջաբալիա» գումարտակների երկու դասակի հրամանատարների սպանելու մասին։ Այս մասին գրում է Արմենպրեսը։
«Իսրայելի պաշտպանության բանակը Խան Յունիսի (քաղաք հարավային Գազայի հատվածում ) մոտակայքում ավիահարվածի ժամանակ սպանել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի «Խան Յունիս» գումարտակի դասակի հրամանատար Աշրաֆ Թաբասիին։ Առանձին գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը Ջաբալիայի (քաղաք հյուսիսային Գազայի հատվածում) մոտակայքում սպանել է ՀԱՄԱՍ-ի «Արևմտյան Ջաբալիա» գումարտակի դասակի հրամանատար Սաբեր Նաբհանին», - ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ըստ Իսրայելի պաշտպանության բանակի տվյալների՝ սպանված անձինք «մասնակցել են իսրայելցի զինվորների և քաղաքացիական անձանց դեմ հարձակումների նախապատրաստմանը» և «զբաղվել են ՀԱՄԱՍ-ի ռազմական կարողությունների վերականգնմամբ», ինչը Իսրայելի պաշտպանության բանակը բնութագրել է որպես «հրադադարի համաձայնագրի համակարգված խախտում»։ «Սպանությունները կատարվել են ավիահարվածների միջոցով, որոնք ուղղված են եղել նրանց կողմից ներկայացվող սպառնալիքի վերացմանը», - նշել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Գերատեսչությունը հավելել է, որ «հարվածներից առաջ միջոցներ են ձեռնարկվել քաղաքացիական բնակչությանը հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար», այդ թվում՝ ճշգրիտ ուղղորդվող զինամթերքի կիրառում և օդային հսկողություն։











