Հայաստանը սկսել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ չի դրել. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը Դուբլինում ընդունված՝ եվրոպական անվտանգության հիմնարար սկզբունքների մասին հռչակագրին չի միացել ՆԱՏՕ-ին վերաբերող ծավալուն հղումների պատճառով։ Նրա խոսքով՝ Հայաստանը սկսել է Եվրամիությանն անդամակցության գործընթաց, սակայն ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակ չի դրել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նոյեմբերի 18-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում պատասխանել է պատգամավոր Վոլոդյա Հակոբյանի հարցին։
Հակոբյանը հետաքրքրվել է, թե ինչու Հայաստանը չի միացել նոյեմբերի 12-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախաձեռնությամբ ընդունված փաստաթղթին։
Փաշինյանն ասել է, որ որոշման պատճառը բաց ներկայացրել է գործընկերներին։
«Մենք չենք միացել մի պատճառով․ ես թափանցիկ գործընկերներին ասել եմ՝ այնտեղ շատ մեծ ծավալով հղումներ կային ՆԱՏՕ-ին։ Մենք մեր դիրքորոշումն արտահայտել ենք, որ, այո՛, Եվրամիությանն անդամագրվելու գործընթաց ենք մեկնարկել, բայց մեր քաղաքականությունների մեջ չունենք որոշում, որ մենք ՆԱՏՕ-ին անդամագրվելու ենք կամ ընդհանրապես նման խնդիր ենք դրել»,- հայտարարել է վարչապետը։
Նա հավելել է, որ փաստաթղթի մյուս հատվածներում ընդունելի և ծանրակշիռ բովանդակություն է եղել։
Փաշինյանի խոսքով՝ Եվրամիությանն անդամակցելու և ռազմաքաղաքական դաշինքի մաս դառնալու հարցերը կառավարությունը տարբերակում է։
«Մենք ասել ենք՝ Եվրամիություն՝ այո՛, բայց ռազմաքաղաքական դաշինքի տրամաբանությամբ քաղաքականություն չենք որդեգրում։ Դա է եղել պատճառը, և ըմբռնումով են վերաբերվել»,- ասել է վարչապետը։














