Պուտինը և Ֆինլանդիայի ու Նորվեգիայի առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման թեման

14:35 • 27.10.26

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի կարգավորման թեման: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Մտքերի փոխանակում է իրականացվել ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դա արվել է հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ստիվեն Ուիտկոֆի հետ Վլադիմիր Պուտինի բանակցությունների և Օսլոյում Ս. Ուիտկոֆի ու Վ. Զելենսկու հետ Ալեքսանդր Ստուբի և Յոնաս Գար Ստյորեի շփումների հաշվառմամբ:

Զրույցը տեղի է ունեցել ֆիննական և նորվեգական կողմերի խնդրանքով, հաստատել են Կրեմլում:

«Զրուցակիցները ողջունել են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև եռակողմ բանակցությունների վերսկսման շուրջ ձեռք բերված համաձայնությունը, որոնք ուղղված են, մասնավորապես, մարտական գործողությունների լիակատար ավարտից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Վլադիմիր Պուտինը գնահատական է տվել Ուկրաինայում հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ հիշեցնելով դրա նախապատճառների մասին: Նա նշել է, որ Ուկրաինայում արդար տևական խաղաղությունը հնարավոր է միայն ՌԴ-ի շահերի հաշվառմամբ:

Նախագահը մատնանշել է նաև ՆԱՏՕ-ի և ԵՄ երկրների դիմակայության քաղաքականությունը, որը ձգձգում է հակամարտությունը Ուկրաինայում:

Կողմերը քննարկել են անվտանգության ապահովումը Բալթիկ ծովի և Եվրոպայի Հյուսիսի տարածաշրջաններում: