Երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, արևի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է ինքնաբերաբար․ Հակոբ Բադալյան
Դանիայի ու Շվեդիայի վարչապետները քննադատել են Նորվեգիայի վարչապետին ու Ֆինլանդիայի նախագահին, որ նրանք հեռախոսազրույց են ունեցել Պուտինի հետ։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։
«Այս հանգամանքը թերեւս վկայում է Եվրոպայում բաժանարար գծի մասին, որ առկա է գուցե Ռուսաստանի հետ հարաբերության իմաստով։ Մեծ հաշվով սա խոսում է այն մասին, թե որքան անհամարժեք է «հավքական արեւմուտք» արտահայտությունը, եւ որքան է այն հեռու քաղաքական իրողություններից։
Իհարկե կարելի է տեսականում չբացառել, որ Եվրոպան փորձում է երկդիմի խաղով ինչ որ «թակարդ» ներքաշել Պուտինին։ Բայց, ըստ իս դա կլինի շատ պարզունակ վարկած կամ տրամաբանություն, հատկապես, եթե հաշվի առնենք, որ խոսքը ինչ որ նորելուկ նախագահի մասին չէ, այլ թրծված Պուտինի։ Որքան էլ փորձված, կամ թեկուզ թրծված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում՝ ըստ հայտնի խոսքի, միեւնույն է այդպիսի խաղը կլիներ շատ պրիմիտիվ։
Պարզապես, դժվար պատկերացնելի է, որ Եվրոպայում կարող է լինել շահերի այդպիսի բախում։ Մյուս կողմից, երբ Եվրոպայի վրայից հավաքվում է ամերիկյան հովանոցը, ապա արեւի տակ տեղ գտնելու պայքարը սրվում է ինքնաբերաբար»,-գրել է նա։














