Rammstein խմբի մենակատարը հայտարարել է, որ պուտինյան քարոզչության զոհ է դարձել
Գերմանական Rammstein ռոք խմբի մենակատար Թիլ Լինդեմանը հայտարարել է, որ համացանցում հայտնված լուսանկարը, որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով վերնաշապիկով է և նրա պատկերով սմարթֆոնով, իրականում կեղծ է: Այս մասին նա ասել է Bild պարբերականին:
Նշվում է, որ իրականում Լինդեմանի վերնաշապիկի վրա մարդու գանգ է և ոսկորներ, որոնք գրաֆիկական ծրագրի օգնությամբ փոխարինվել են Պուտինի դիմանկարով: Ավելին, այդ վերնաշապիկը երաժշտին է նվիրել նրա նախկին ընկերուհին` Սոֆիա Թոմալան:
Լուսանկարը, որը տարածել են ռուսական ԶԼՄ-ները, արվել է Մոսկվայում հունիսի 19-ին, երբ խումբն այնտեղ համերգ է տվել:
Լրատվամիջոցներում շրջում է նաև հայտարարություն, որը, իբր, արել է նա. «Գերմանիայում նույնիսկ Անգելա Մերկելը չի կարող հպարտանալ նման հեղինակությամբ, ինչպես Պուտինը: Նա ինձ դուր է գալիս, նա ուժեղ առաջնորդ է, այլ ոչ թե խամաճիկ: Ես կարծում եմ՝ անարդար են բոլոր այդ քաղաքական հարձակումները ձեր երկրի վրա»:
Լինդեմանը վստահեցնում է, որ նման բան չի ասել: Նրա խոսքով՝ համերգից առաջ նրա ձեռքն են տվել հեռախոս` ասելով՝ «Ողջույններով Վլադիմիր Պուտինից»: Այնուհետև նրան հարցրել են` հավանո՞ւմ է Մոսկվան: «Այդ ժամանակ ես վեր բարձրացրի բութ մատս և ասացի, որ Մոսկվան հրաշալի քաղաք է: Այդքանը»,- ասել է երաժիշտը:
Հաղորդվում է, որ Լինդեմանը փաստաբաններ է վարձել և ընդգծել է, որ սկզբունքորեն ոչ մի քաղաքական հայտարարություն չի անում:










