«Քամուց քշվածները» ֆիլմի Մելանին նշում է ծննդյան 100- ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)

17:09 • 01.07.16

Բոլոր ժամանակների լավագույն ֆիլմերից մեկում` դասական դարձած «Քամուց քշվածները» կինոնկարում,  համեստ և զուսպ Մելանի Ուիլքսի կերպարը կերտած Օլիվիա դե Հևիլենդը հուլիսի 1-ին նշում է ծննդյան 100-րդ տարեդարձը:

 

Ինչպես նշում է vesti.ru-ն, երկարակյաց դերասանուհին, ով ներկայում ապրում է Փարիզում, արդեն կես դար է, ինչ «Քամուց քշվածները» ֆիլմի միակ ողջ դերակատարն է: Սակայն ֆիլմում նրա հերոսուհին շուտ է մահանում:

 

«Ինձ դուր է գալիս մի ամբողջ դար ապրելու միտքը: Կարո՞ղ եք պատկերացնել, թե դա ինչ նվաճում է»,-անցած տարի Entertainment Weekly պարբերականին տված հարցազրույցում ասել է դե Հևիլենդը:

 

Հետաքրքրական է, որ դերասանուհին 2 անգամ`1946 և 1950թթ., արժանացել է հեղինակավոր «Օսկար» մրցանակին: Բացի այդ, «Քամուց քշվածները» ֆիլմից հետո նա ներկայացվել է «Օսկարի»` որպես 2-րդ պլանի լավագույն դերասանուհի:

 

Հայտնի է, որ դերասանուհին կինոյում խաղացել է մինչ 1970-ականները, իսկ հետո շարունակել է նկարահանվել հեռուստատեսությունում: Իսկ Փարիզ դերասանուհին տեղափոխվել է իր 2-րդ ամուսնու հետ`որոշելով ավելի շատ ժամանակ հատկացնել ընտանիքին:

 

2008թ. դե Հևիլենդը շքանշանի է արժանացել ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Ջորջ Բուշ կրտսերի կողմից` արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար: Իսկ 2 տարի անց Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դերասանուհուն պարգևատրել է Պատվո լեգեոն շքանշանով:

 

 

 

 

«Քամուց քշվածները» ֆիլմի Մելանին նշում է ծննդյան 100- ամյակը (լուսանկարներ, տեսանյութ)