Լուի դե Ֆյունեսի թանգարանը փակվելու վտանգի տակ է
20-րդ դարի լավագույն կատակերգուներից մեկի` ֆրանսիացի դերասան Լուի դե Ֆյունեսի թանգարանը, որը գտնվում է Կլերմոն դղյակի տարածքում, կարող է վերջնականապես փակվել 2017թ. գարնանը:
Ինչպես նշում է euromag.ru-ն, դե Ֆյունեսն առանձնահատուկ սիրով էր վերաբերվում Կլերմոն դղյակին, որը պատկանում էր իր կնոջ` Ժաննայի ընտանիքին: 1967թ. դերասանը գնել է դղյակն ու այնտեղ տրվել իր հոբբիներից մեկին` այգեգործությանը:
2013թ. Շառլ և Ռոզելին Դյուրենժեները դերասանի որդիների` Պատրիկ և Օլիվյե դե Ֆյունեսների աջակցությամբ հանրության համար բացել են «Լուիի թանգարանը», որն արդեն հասցրել է 60.000-ից ավելի այցելու ընդունել:
Աղբյուրը մանրամասնում է, որ մարդիկ այստեղ են գալիս սիրված դերասանի համար հոգեհարազատ միջավայրին ծանոթանալու, նրա անձնական իրերը տեսնելու համար:
Սակայն ներկայում` եռամյա գործունեությունից հետո, թանգարանը հայտնվել է փակվելու վտանգի տակ: Հայտնի է, որ թանգարանը վարձակալական հիմունքներով է վերցրել անհրաժեշտ տարածքը, իսկ համապատասխան պայմանագրի ժամկետը լրանում է 2017թ. գարնանը: Բացի այդ, դղյակի ներկայիս տերը մտադիր է վաճառել շինությունը:










