««Ոսկե ծիրան»-ի  հանրային հռչակը շահագրգռում է գերմանական կինոյին՝ ներկայանալու այս փառատոնին». ՀՀ-ում ԳԴՀ դեսպան

13:01 • 06.07.16

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի այս տարվա ծրագիրը հագեցած կլինի ֆրանսիական, բրիտանական, գերմանական նոր ֆիլմերով: Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, իրենք ներկայացնելու են Շեքսպիրի աշխատանքների էկրանավորումը:

Նա նշեց, որ այս տարի նշվում է Շեքսպիրի մահվան 400-ամյա տարելիցը, ուստի իրենք չէին կարող շրջանցել այս հանգամանքը:

Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերն էլ ասաց, որ ինքն ուրախ է «Ոսկե ծիրանում» ոչ միայն գերմանական ֆիլմերի մեծաքանակությամբ, այլև՝ միջազգային մշակութային կյանքում փոփոխություն մտցնելու հանգամանքով:

«Ուղիղ մեկ տարի է Հայաստանում եմ, անցյալ տարի «Ոսկե ծիրան»-ը համընկավ իմ առաջին օրերին Հայաստան այցի հետ։ Անցյալ տարի ես համոզվեցի, թե որքան մեծ է «Ոսկե ծիրան»-ի կազմակերպիչների պրոֆեսիոնալիզմը, որքան հեղինակավոր են ֆիլմերը, որոնք ցուցադրվում են կինոփառատոնի շրջանակներում: Հաշվի առնելով «Ոսկե ծիրան»-ի  հանրային հռչակը, կարելի է հասկանալ, թե որքան մեծ է շահագրգռվածությունը գերմանական կինոյի՝ ներկայանալու այս փառատոնին»,- նշեց դեսպանը:

Մաթիաս Քիսլերը նշեց, որ իրենք մշտապես ներկայանալի ֆիլմեր են ցուցադրել փառատոնին, ներկայացուցչական հյուրեր ուղարկել՝ մասնակցելու համար:

Դեսպանի խոսքով՝ 13 տարվա ընթացքում կինոփառատոնի ժամանակ ցուցադրվել է գերմանական շուրջ 200 ֆիլմ՝ այդ թվում համատեղ արտադրության:

Գերմանիայի դեսպանն առանձնացրեց փառատոնին ներկայացված «24 շաբաթ» ֆիլմը՝ ասելով, որ այն ներկայացվել է «Բեռլին Ալեյում» ու Գերմանիայում էկրան կբարձրանա միայն այս տարվա աշնանը:

«Ուրախ ենք, որ «Ոսկե ծիրան»-ը մեկն է այն մշակութային խոշոր  իրադարձություններից, որոնք էլ ավելի են մեծացնում Հայաստանի անունն աշխարհում»,- ասաց դեսպանը։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության ժամանակավոր հավատարմատար Նիկոլա Ֆայն էլ նշեց, թե իրենց համար մեծագույն հաճույք է մասնակցել «Ոսկե ծիրան»-ին, որովհետև այն համախմբում է կինոյի սիրահարներին՝ համեմված այս տարվա եղանակին՝ հայկական ծիրանի անգնահատելի, անմահական բույրով:

Նա նշեց, որ ծրագրում ֆրանսիական հետաքրքիր ֆիլմեր են ներկայացվել: «Մշակութային բազմազանության խրախուսումը մեր դիվանագիտության գործունեության կարևոր սկզբունքներից է: Այս տարի էլ ֆրանս-հայկական համագործակցությունը դրսևորվեց ֆրանսիական ծրագրի բարձրորակ ընտրությամբ»,- ասաց Նիկոլա Ֆայնը՝ շեշտելով, որ ներկայացված են խաղարկային, կարճամետրաժ, վավերագրական ֆիլմեր:

««Ոսկե ծիրան»-ի  հանրային հռչակը շահագրգռում է գերմանական կինոյին՝ ներկայանալու այս փառատոնին». ՀՀ-ում ԳԴՀ դեսպան