11-ամյա բրիտանուհին պատրաստվում է իր նոր օպերան բեմադրել Վիեննայում (լուսանկարներ, տեսանյութ)
Daily Mail-ը ներկայացրել է Մեծ Բրիտանիայի Սուրեյ կոմսության 11-ամյա տաղանդավոր բնակչուհի Ալմա Դետչերին, ով պատրաստվում է Վիեննայում բեմադրել իր առաջին ամբողջական օպերան:
Ալման առաջին անգամ ջութակը ձեռքն է վերցրել 3 տարեկանում, 6 տարեկանում գրել է իր առաջին դաշնամուրային սոնատը, 7 տարեկանում` The Sweeper of Dreams օպերան, իսկ 9 տարեկանում` համերգ ջութակի համար:
«Մոխրոտը» օպերան հեղինակելուց հետո Ալման դարձել է ամենաերիտասարդ երգահանը, ում հետ գործակալը պայմանագիր է կնքել: Այժմ աղջնակը պատրաստվում է Վիեննա կատարելիք ճանապարհորդությանը, որտեղ կայանալու է իր նոր օպերայի պրեմիերան:
Երաժշտագետները նրան համեմատում են երիտասարդ Մոցարտի հետ, սակայն ինքը` աղջիկը, ասում է. «Ես փոքրիկ Մոցարտը չեմ, ես փոքրիկ Ալման եմ: Կարծում եմ, որ եթե ես փոքրիկ Մոցարտը լինեի, դա փոքր-ինչ ձանձրալի կլիներ: Ես կգրեի նույնը, ինչ-որ Մոցարտը գրել է արդեն: Ես նախընտրում եմ լինել փոքրիկ Ալման»:













