Հայ-ռուսական մշակութային հարաբերությունների վիճակը վերջին տարիներին այդքան էլ վատ չէ. Միխայիլ Շվիդկոյ
Վերջին տարիների իրավիճակն այնքան էլ վատ չէ. Կոմիտասի անվան թանգարանում խոսելով հայ-ռուսական մշակութային հարաբերությունների մասին՝ ասաց Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության գծով ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը: Նշեց, որ վերջերս Մոսկվայում Հայաստանի քաղաքակրթությունների զարգացման մասին ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ նաև ներկայացվել է 1915 թվականի ցեղասպանությունը:
Միխայիլ Շվիդկոյը օրինակներ բերեց հայ-ռուսական մշակութային համագործակցություններից, նշեց, որ օգոստոսի վերջին Հայաստանում անցկացվելու են նաև Ռուսաստանի մշակութային օրեր, իսկ ընդհանրապես ռուս մշակութային գործիչները մասնակցում են «Վերածնունդ», «Ոսկե ծիրան» փառատոններին:
«Մենք երեկ խոսում էին մշակույթի նախարար տիկին Պողոսյանի հետ, որ մյուս տարի կարելի է Ռուսաստանից Հայաստան բերել մի քանի դրամատիկական ներկայացումներ: Պետք է տեսնենք, թե ինչ հնարավորություններ կլինեն, և դա կապված է ոչ այնքան ֆինանսական, որքան ժամանակային խնդիրների հետ»,- ասաց Միխայիլ Շվիդկոյը՝ նշելով, որ քննարկվել է նաև ռուսական պոեզիայի երեկոներ կազմակերպելու հարցը:
«Չեմ բացառում, որ կգան տարբեր հետաքրքիր մարդիկ: Ինձ թվում է, որ հիմա հայ հասարակությունն այնքան էլ լավ չի պատկերացնում ժամանակակից ռուս գրականությունը»,- ասաց նա:
Նշեց, որ չի կարծում, որ հայ-ռուսական հարաբերություններում մերձեցումը պակասել է. «Երբ գալիս ես քաղաք և տեսնում ես հայտնի ռուս կատարողների պաստառներ, երբ միացնում ես հեռուստացույցը և տեսնում ես ռուսական հաղորդումներ, հասկանում ես, որ այդ երկրում ռուսական մշակույթի ներկայությունը բավական բարձր է: Կարծում եմ՝ առավել լավ կլիներ, որ բարձրացվեր հայկական մշակույթի ներկայությունը Ռուսաստանում»:
Հիշեցնենք, որ Շվիդկոյը ժամանել է Հայաստան, որպեսզի երկրի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ քննարկի ԱՊՀ միջազգային հումանիտար համագործակցության հիմնադրամի ծրագրերը, որի համանախագահն է ինքը:










