Ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը ֆիլմ կնկարահանի օֆշորային սկանդալի մասին
Ամերիկացի ռեժիսոր Սթիվեն Սոդերբերգը մտադիր է ֆիլմ նկարահանել օֆշորային սկանդալի մասին, որն առաջացել է «Պանամական փաստաթղթերի» հրապարակումից հետո, գրում է The Hollywood Reporter-ը:
Ենթադրվում է, որ ապագա ֆիլմի սցենարը կգրի Սքոթ Բերնսը, ում հետ Սոդերբերգն արդեն համագործակցել է նախկինում: Պրոդյուսերները, բացի Սոդերբերգից, կլինեն նաև Լոուրենս Գրեյը և Մայքլ Շուգան:
Ֆիլմի սցենարը հիմնված կլինի «Գաղտնի աշխարհ» անվանումով գրքի վրա, որը գրել է Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի ավագ թղթակից Ջեյք Բերնսթայնը, ով էլ օգնել է հրապարակել բազմաթիվ փաստաթղթեր, որոնք կապված են օֆշորների հետ:
Իր գրքում, որը մոտ ժամանակում լույս կտեսնի, թղթակիցը մանրամասն պատմում է` ինչպես են հարուստ և ազդեցիկ մարդիկ ամենատարբեր երկրներից օգտվել պանամական Mossack Fonseca փաստաբանական ընկերության ծառայություններից: Ի դեպ, նրանց թվում նշվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը։










