Ադրբեջանը չի թաքցնում, որ ուզում է բռնակցել Արցախը. Դավիթ Բաբայան

16:32 • 08.07.16

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձին, նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումները և դա իր ոճն է:

«Արտառոց ոչինչ չկա, վերջին մի քանի ամսվա ընթացքում սահմանին համեմատաբար հանգիստ է, սակայն նույն ագրեսիան, անհանդուրժողականությունն Ադրբեջանը շարունակում է դիվանագիտական դաշտում: Այսինքն, որևէ արմատական փոփոխություն չենք տեսնում. նույն հակառակորդն է, նույն նպատակները»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանի գործողություններն ազդակ են նաև միջազգային հանրությանը:

«Պետք է ասեմ, որ Ադրբեջանը, ի տարբերություն շատ ու շատ պետությունների, ավելի ազնիվ է, այսինքն, ինքը չի թաքցնում, թե ինչ է ուզում: Ինքն ուզում է բռնակցել, գրավել Արցախը, միշտ էլ այդ մասին խոսում է և իրականացնում է այդ նույն քաղաքականությունը:  Ոչ մի դրական զարգացում նրանց աշխարհընկալման, մոտեցումների մեջ չի երևում»,-նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Ինչ վերաբերում է Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի զուգահեռ Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին՝ Դավիթ Բաբայանն ասաց, թե  սովորաբար նման հանդիպումների ժամանակ Ադրբեջանը դիմում է նման քայլերի, բայց հայկական զինված ուժերը միշտ էլ պատրաստ են  անկախ ժամանակահատվածից կասեցնել Ադրբեջանի գործողությունները:

Ամեն դեպքում խոսնակը բանակցություններն անհրաժեշտ է համարում, քանի որ դրանք նպաստում են խաղաղության և կայունության ապահովմանը: «Սակայն ամենակարևոր գործոնը եղել է և կա մեր հզոր բանակը, որ նրանք հասկանան, որ մենք պատրաստ ենք ցանկացած ոտնձգություն կասեցնելու»,-ասաց նա:

Դավիթ Բաբայանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի իրավիճակ կլինի սահմանին հետագայում, արդյոք դիվերսիոն գործողություններն ավելի շատ կլինեն, թե ոչ: «Քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նպատակները ձախողվել են, մեծ զոհեր են տվել՝ և՛ տեխնիկայի, և՛ մարդկային, հետևաբար սա ստիպել է իրենց, որ մի քիչ ավելի զուսպ լինեն, բայց իրենց էությունը չի փոխել»,-ասաց նա: