Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծել
Սաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկ է ուղարկել իր տարածքում ռազմաբազա ստեղծելու վերաբերյալ: Այն կարող է ձևավորվել Կատարում Թուրքիայի ունեցած բազայի մոդելով, հայտնել է Hürriyet թերթը:
Կատարում թուրքական բազան գործում է 2015 թվականից՝ երկկողմ համաձայնագրի հիման վրա: Բաց աղբյուրների տվյալներով՝ այնտեղ տեղակայված է շուրջ 3,000 թուրք զինվորական: Այն օգտագործվում է համատեղ վարժանքների և Կատարի ԶՈւ անձնակազմի պատրաստման համար:
Սաուդյան Արաբիայում բազայի ստեղծման հարցը կարող է քննարկվել հանրապետության խորհրդարանի կողմից Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև համատեղ պաշտպանության մասին Մեքքայի համաձայնագրի վավերացումից հետո: Փաստաթուղթն այս շաբաթ անցել է արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, այժմ այն պետք է հաստատվի խորհրդարանի կողմից ամբողջությամբ: Այն նաև պետք է մանդատ տա զինվորականներին արտասահման ուղարկելու համար և առանձին փաստաթուղթ ընդունի բազայի ստեղծման մասին, եթե թուրք օրենսդիրներն դա անհրաժեշտ համարեն:
Hürriyet-ի տվյալներով՝ անվտանգության նոր հայեցակարգի շրջանակներում Թուրքիան դիտարկում է իր ռազմական ներկայության ընդլայնումը տարբեր մայրցամաքներում, մասնավորապես՝ Աֆրիկայում և Ասիայում, երկկողմ համաձայնագրերի և տարբեր դաշինքների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա: Դա պայմանավորված է նաև 2027-2028 թվականներին Մերձավոր Արևելքում ուղղակի ռազմական ներկայությունը կրճատելու ԱՄՆ-ի ծրագրերով:
«Թուրքիայի նպատակը նոր դարաշրջանում իր ռազմական պոտենցիալն օգտագործելն է ոչ միայն սեփական սահմանները պաշտպանելու, այլև տարբեր տարածաշրջաններում, որտեղ նա ունի անվտանգային շահեր, զսպման ազդեցություն և դիվանագիտական ազդեցություն ստեղծելու համար»,- գրում է թերթը:
Թուրքիան ռազմաբազաներ ունի 12 երկրում: Դրանցից ամենախոշորը գտնվում է չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում, որտեղ տեղակայված է ավելի քան 30,000-անոց զորակազմ: Թուրքիայի բազաները տեղակայված են նաև Կատարում, Իրաքում, Սիրիայում, Սոմալիում, Լիբիայում և մի շարք այլ երկրներում:











