ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ստամբուլում քննարկելու է ԻՊ-ի կողմից ավերված օբյեկտների հարցը
Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը որոշելու նպատակով UNESCO-ի (ՄԱԿ-ի Կրթության, գիտության և մշակույթի կազմակերպություն) ներկայացուցիչները հուլիսի 10-ին հանդիպում են ունենալու Ստամբուլում, հաղորդում է Hurriyet Daily News-ը։
Քննարկվելիք ցանկում ներառված են տարբեր դարաշրջանների պատկանող օբյեկտներ՝ սկսած 350 միլիոն տարվա հնության բրածոներից մինչև շվեյցարական ծագմամբ ֆրանսիացի ճարտարապետ Լը Կորբյուզիեի աշխատանքները։
Հունիսի 28-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ավելի քան 40 մարդու կյանք խլած հարձակումից հետո Համաշխարհային ժառանգության կոմիտեի հանդիպման ընթացքում անվտանգությունը զգալիորեն ուժեղացվելու է։
Նշվում է, որ պաշտոնական Անկարան հնագույն Պալմիրա քաղաքին և Հալեպի միջնաբերդին վնաս հասցնելու համար մեղադրում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը։
Աղբյուրը մանրամասնում է, որ այս տարի Համաշխարհային ժառանգության կոմիտեի հանդիպման ժամանակ քննարկվելու են 29 դոսյեներ, որոնց թվում լինելու է հնագույն Անի քաղաքին համաշխարհային ժառանգության օբյեկտի կոչում շնորհելու առաջարկը։
Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկն այսօր ներառում է 1031 օբյեկտ ավելի քան 163 երկրներում։










