Արցախի Սխտորաշեն գյուղի 83-ամյա միակ բնակչուհին մահացել է, նրա մասին ֆիլմ կներկայացվի «Ոսկե ծիրան»-ում

12:34 • 10.07.16

 

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր, կներկայացվի հայկական արտադրության «Սխտորաշեն» ֆիլմը:

Փառատոնի Հայկական համայնապատկեր ազգային մրցույթում ներկայացված ֆիլմը Արցախի Սխտորաշեն գյուղի մասին է, որի միակ բնակչուհին 83-ամյա Լենա տատն է:

Պատահաբար հայտնվելով Մարտունու շրջանի 30-ամյա ամայացած գյուղում` օպերատոր, լուսանկարիչ Գարեգին Պապոյանը տեսել էր Լենա տատին ու որոշել նրա մասին ֆիլմ նկարել:

Լրագրողների հետ զրույցում Գարեգինը պատմեց, որ ինքը լուսանկարիչ է, հեռուստատեսության օպերատոր ու սա իր առաջին ֆիմն է:

«Լուսանկարելու նպատակով Ղարաբաղում էի, տարբեր շրջաններում էի գտնվում ու պատահաբար հայտնվեցի Սխտորաշենում: Մի բնակիչ կար՝ 83-ամյա Լենա տատիկը: Որոշեցի իր պատմությունը նկարել: Ու գնացի: Երկու օրում նկարեցինք ֆիլմը»,- ասաց նա:

Երիտասարդ օպերատորը նշեց, որ տատիկի համար անսովոր է եղել, երբ նրան առաջարկվել է իր մասին ֆիլմ նկարել, բայց համաձայնել է: «Ասում էր, որ չի սիրում, երբ գալիս են իրեն նկարում են, բայց համաձայնեց: Նա չէր ուզում լքել գյուղը, որովհետև չէր ուզում, որ այն քարտեզի վրայից վերանար, ասում էր, որ եթե այն կա քարտեզի վրա, ուրեմն կա»,- նշեց ֆիլմի հեղինակը:

Գարեգինը խոստովանեց, որ նախատեսված սցենար չի ունեցել, ֆիլմի բովանդակությունը, սցենարը ծնվել են հենց 83-ամյա կնոջ հետ երկու օր բնակվելու ընթացքում:

Լենան տատը, ցավոք, 2 ամիս առաջ մահացել է, հիմա Սխտորաշենը դատարկ է, ոչ մեկ այնտեղ չի ապրում, նրա չորս որդիներն էլ, ովքեր սփռված են տարբեր վայրերով, դժվար թե գյուղ վերադառնան:

Արցախի Սխտորաշեն գյուղի 83-ամյա միակ բնակչուհին մահացել է, նրա մասին ֆիլմ կներկայացվի «Ոսկե ծիրան»-ում