Երևանում բացվեց Radisson Blu հյուրանոցը՝ 142 սենյակներով, այդ թվում արքայական և նախագահական համարներով (լուսանկարներ)
Այսօր տեղի ունեցավ «Ռեդիսոն Բլու Հոթել Երևանի» բացման արարողությունը: Հյուրանոցի գլխավոր մենեջեր Ջորջ Միուն լրագրողների հետ զրույցում ասաց, թե հպարտ է, որ վերջապես «Ռեդիսոն Բլուն» մուտք գործեց նաև Երևան:
«Մենք ցանկանում ենք մեր առանձնահատուկ ծառայությունները բերել Հայաստան: Կարծում եմ, որ ամենագլխավորը հյուրանոցի տեղն է, որը գտնվում է շատ հանգիստ տարածքում, և շատ կարճ ժամանակահատվածում կարող եք հասնել քաղաքի յուրաքանչյուր վայր»,-ասաց նա և նշեց, որ Ռեդիսոն Բլուն Կարլսոն Ռեզիդոր հյուրանոցային խմբի մասն է կազմում, որը բարձրակարգ հյուրանոցային ցանց է:
«Սա հիանալի նախապայման կստեղծի, որը հնարավորություն կտա Հայաստան բերելու նոր ճանապարհորդներ, ովքեր գալիս են թե՛ բիզնեսի, թե՛ ուղղակի հանգստանալու համար»,-ասաց նա և նշեց, որ «Գոլդեն Փելես» ընկերության հետ մենեջմենթի պայմանագիր են ստորագրել: Նա նշեց, որ հիանալի հարաբերություններ ունեն հյուրանոցի սեփականատերերի և հիմնադիրների հետ:
Վաճառքների և մարքեթինգի տնօրեն Մարիամ Ստամբոլցյանը նշեց, որ հյուրանոցում ընդհանուր սենյակների թիվը 142-ն է, 19-ը բարձրակարգ՝ լյուքս կատեգորիայի համարներ են, այդ թվում՝ արքայական և նախագահական, որտեղ կա «անկողին նախատեսված թագավորի» համար: Նա ասաց, որ հյուրանոցն ունի 6 հանդիպման սրահներ, ամենամեծ սրահում կարող է տեղավորվել երկու հարյուր հոգի, կա սպա սրահ՝ յոթ բուժման կետով, քսանհինգ մետրանոց լողավազան, ռեստորաններ:
«Կարող եմ ասել, որ քաղաքի լավագույն ռեստորաններից մեկն է «Ադաստրա»-ն, որը հյուրանոցի նոր կառուցված մասնաշենքում է. ad astra նշանակում է՝ դեպի աստղերը: Կարելի է ասել, որ սա քաղաքի միակ բիզնես հյուրանոցներից է, որն ունի շլացուցիչ այգի»,-ասաց նա և նշեց, որ հյուրանոցի համարների գները մրցակցային են և մոտավորապես սկսվում են միջինը 80 000 ՀՀ դրամից՝ կախված սեզոնից:




















