«Ոսկե ծիրանին» ներկայացվեց առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմը աստղագիտության մասին

14:02 • 13.07.16

«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի շրջանակներում այսօր տեղի ունեցավ «Թոքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության կողմից մշակված առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսը:

Tert.am-ի հետ զրույցում «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության տնօրեն Վահան Շաքարյանն ասաց, որ դպրոցական տարիքի երեխաների համար ներկայացնում են ֆիլմեր, որոնք ավելի հեշտ կդարձնեն բարդ ընկալելի առարկաների ուսումնասիրությունը:

«Նմանատիպ ֆիլմերն արտասահմանում մեծ պահանջարկ ունեն, բայց մենք պետք է անենք ամեն ինչ, որ մեր դպրոցականների համար լինի անվճար: Հույս ունենք, որ մինչև սեպտեմբեր կունենանք առնվազն երեք ֆիլմ, որոնք սեպտեմբերի վերջից կսկսվեն ցուցադրվել դպրոցներում: Այս ֆիլմն աստղագիտության մասին է, իսկ հաջորդ երկու ֆիլմերը կլինեն կենսաբանության ու քիմիայի մասին» ասաց Վահան Շաքարյանը:

Ծրագրային ապահովումը, ֆիլմի նկարահանումները, ըստ Շաքարյանի, Հայաստանում են արվել: Իսկ ֆիլմի սցենարը, նրա խոսքով, կազմվել է գրվել է հոգեբանների, մանկավարժների հետ համատեղ:

Վահան Շաքարյանն ասաց, որ ընտրվել են այն առարկաները, որոնք երեխաների տպավորությամբ բարդ են: 

«Մեր նպատակն այն է, որ այս ֆիլմերը նայելուց հետո մեր դպրոցականների մոտ ցանկություն առաջանա վերադառնալ գրքին, սովորել, ավելի խորանալ այս առարկաների մեջ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ֆիլմերը կցուցադրվեն նաև մարզերում, որտեղ երեխաները հնարավորություն չունեն կինոթատրոններ այցելելու:

Ֆիլմերը կարճամետրաժ են լինելու՝ 15-ից 20 րոպե, որպեսզի երեխաներին չձանձրացնեն:

 

 

 

 

 

 

 

 

«Ոսկե ծիրանին» ներկայացվեց առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմը աստղագիտության մասին