Կայացել է առաջին հայկական 360 աստիճան ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)

20:42 • 13.07.16

Այսօր 13-րդ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային փառատոնի շրջանակներում կայացել է «Technology and Science Dynamics» ընկերության կողմից մշակած առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսը:   

Ֆիլմի պրեմիարի սկիզբն ազդարարվել է «Technology and Science Dynamics» ընկերության հիմնադիր պարոն Վահան Շաքարյանի ելույթով: Վերջինս մի փոքր պատմել է ֆիլմի, դրա ստեղծման, ինչպես նաև «Immersive Education Solutions» նախագծի մասին, որի շրջանակներում էլ հենց մշակվել էր ֆիլմը:


«Աշխարհի կենտրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» հայկական առաջին 360 աստիճան ֆիլմն է, որը նախատեսված է անշարժ պլանետարիումների/ աստղացուցարանների համար: Ֆիլմն առաջարկում էր ճամփորդել անցյալ, ապա վերադառնալ ներկա և քայլ առ քայլ ուսումնասիրել աստղային երկնքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներում և մեր օրերում:


«Technology and Science Dynamics» ընկերությունը նպատակ չունի նախագծի շրջանակներում մշակվող ֆիլմերով փոխարինել դասագրքերը և տրադիցիոն ուսուցման մեթոդները: Մեր նպատակն է աջակցել կրթական հաստատություններին ուսուցման գործընթացում և տրամադրել գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնք կարող են օժանդակել դասավանդմանը և ավելի պատկերավոր ու դյուրընկալի դարձնել այնպիսի առարկաներ ինչպիսիք են օրինակ՝ ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը և անգամ պատմությունը: Հաշվի առնելով ֆիլմերի կրթական առանձնահատկությունները՝ թիմը բաղկացած է ոչ միայն անիմատորներից և դիզայներներից, այլ նաև մանկական հոգեբաններից և մանկավարժներից, ովքեր աջակցում են ֆիլմի պատրաստման գործընթացին և համապատասխանեցնում են այն միջին և ավագ դասարանի աշակերտների համար:


Փառատոնի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռվել է «ուղևորվել» դեպի տիեզերք և 15 րոպե անցկացնել աստղերի և մոլորակների կողքին` պարզապես գտնվելով պլանետարիումի ներսում: Իսկ դուրս գալիս մարդկանց ժպիտն ու երեխաների ոգևորվածությունը լավագույնս խոսեցին ֆիլմից ստացած տպավորությունների մասին:


Ֆիլմի երաժշտական գործիքավորումը ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանինն է, իսկ տեքստը կարդում է անվանի դերասան Մխիթար Ավետիսյանը:

 

 

Կայացել է առաջին հայկական 360 աստիճան ֆիլմի շնորհանդեսը (տեսանյութ, լուսանկարներ)