Բանտում մահացել է «Կոզա Նոստրա» մաֆիոզական խմբավորման առաջնորդ Բեռնարդո Պրովենցանոն

23:29 • 13.07.16

Սիցիլացի հայտնի մաֆիոզ Բեռնարդո Պրովենցանոն մահացել է Միլանի բանտում 83 տարեկան հասակում, հայտնում է BBC-ն:

Պրովենցանոն, ով եղել է «Կոզա Նոստրա» մաֆիոզական խմբավորման առաջնորդը և փաստացի սիցիալական ամբողջ մաֆիայի ղեկավարը, բանտում անցկացրել է 10 տարի: Նա ձերբակալվել է 2006-ին և դատապարտվել ցմահ ազատազրկման մի քանի ծանր հանցագործությունների, այդ թվում` 1992-ին 2 դատավորների սպանության համար:

Մինչ այդ Բեռնարդո Պրովենցանոն հաջողությամբ թաքնվում էր իրավապահ մարմինների հետապնդումներից 43 տարի: Ձերբակալության պահին իտալական ոստիկանությունն ուներ նրա միայն մեկ լուսանկար` արված դեռևս 1959-ին:

Իտալական լրատվամիջոցների փոխանցմամբ, Պրովենցանոն տառապում էր միզապարկի քաղցկեղից: Վերջին 2 տարիները նա անցկացրել է բանտի հիվանդանոցում:

Պրովենցանոն հայտնի է նաև «Տրակտոր Բինու» մականունով, որը նա ստացել է մարդկանց անխնա «հնձելու» համար: