Նվիրատվությունն անում է կնոջս ամերիկաբնակ ընտանիքը. Արմեն Մուրադյանն իր հայտարարագրերի մասին

13:11 • 14.07.16

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հայտարարագրերում նշված նվիրատվությունը նախարարի ընտանիքը ստանում է նրա կնոջ ամերիկաբնակ հարազատներից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մուրադյանը՝ մեկնաբանելով իր հայտարարագրերի մասին հրապարակումները, թե նախարար դառնալուց հետո նվիրատվությունների չափն աճել է:

«Սիրով ձեզ հետ կկիսվեմ իմ ընտանեկան խնդիրներով: Իմ կնոջ ընտանիքը 1995 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում. մայրը, քեռին, լուսահոգի տատը, եղբայրը, նրանց կազմավորված ընտանիքները: Կարծում եմ, որ  տարեկան մեկ անգամ կարող են նվիրատվություն անել և՛ իրենց քրոջը, և՛ երեք զարմիկներին՝ նրանց ծննդյան տոների և առիթների կապակցությամբ»:

Նախարարը նաև հայտնեց, որ իր ավագ դուստրն այս տարի ավարտել է համալսարանը, միջնեկ աղջիկն ընդունվել է համալսարան, իսկ կրտսերը՝ դպրոց:

Հարցին, թե նման խոշոր չափի նվիրատվություն արվել  է մինչև Արմեն Մուրադյանի նախարար դառնալը, վերջինս պատասխանեց, որ «խոշոր չափ» ասվածը հարաբերական է, իսկ նվիրատվություններ եղել են 1995 թվականից սկսած:

Նշենք, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախորդ տարվա սկզբին 48 հազար դոլար, իսկ տարեվերջին 58 հազար դոլար փոխառություն է տվել: Նախարարը հայտարարագրել է 16 մլն դրամ դրամական միջոցն ու 12 մլն 173 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից ու փոխառության դիմաց տրված տոկոսներից: Նախարարի կնոջ՝  Ելենա Ամիրխանյանի հայտարարագրում նշված է, որ 2015 թվականին նա 10 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել: