Գերմանիան պաշտոնապես ներողություն կխնդրի Նամիբիայից հերերո և նամա ցեղերի ցեղասպանության համար
Գերմանիայի իշխանությունները պատրաստվում են պաշտոնապես ներողություն խնդրել Նամիբիայից հերերո և նամա ժողովուրդների ներկայացուցիչների զանգվածային սպանությունների համար, որոնք Գերմանական կայսրությունն իրականացրել է աֆրիկյան այդ երկրում 1904-1908թթ., հայտնում է Der Spiegel ամսագիրը: Այդ ժամանակ գերմանական զորքերը ոչնչացրել են այդ էթնիկ խմբերի ավելի քան 75.000 անդամների:
Այս հարցի վերաբերյալ երկու երկրների միջև շարունակվող բանակցությունները կավարտվեն տարվա վերջին, հայտնել են Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում: Արդյունքը պետք է լինի Գերմանիայի և Նամիբիայի կառավարությունների և խորհրդարանների համատեղ որոշումը, որում նախորդ դարի սկզբին իրականացված սպանությունները կանվանվեն ցեղասպանություն:
Նախարարությունում նշել են, որ Գերմանիայի կողմից բանակի մեղքի ընդունումը չի ենթադրում որևէ պարտավորվածություն կամ վճարում:










