«Ոսկե ծիրան». Որոշել եմ Հայաստանն ինձ համար բացահայտել. Ժակլին Բիսեթ
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի 4-րդ օրը նշանակալից էր: Մոսկվա կինոթատրոնի կարմիր դահլիճում էր պատվավոր հյուրը` համաշխարհային կինոյի աստղ, ֆրանսիացի դերասանուհի Ժակլին Բիսեթը։
Հետահայաց ցուցադրությունը մեկնարկեց Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշեր» ֆիլմի ցուցադրությամբ։ Նախքան ֆիլմի ցուցադրությունը հանդիսատեսի հետ մեծանուն դերասանուհին կիսվեց իր տպավորություններով:
«Ես ապրում եմ Լոս Անջելեսում և այնտեղ շատ հայեր կան: Շատ անգամներ նրանց հետ զրուցել եմ Հայաստանի մասին: Բայց մտքովս չէր անցնի, որ մի օր կգամ այստեղ: Որոշել եմ այս ընթացքում Հայաստանն ինձ համար բացահայտել: Արդեն համոզվել եմ, որ հայերը շատ ջերմ են: Մնում է խոհանոցը ուսումնասիրեմ (ժպտում է)»,- ասաց Ժակլին Բիսեթը:

Իսկ Հարություն Խաչատյանը Բիսեթին անվանեց համաշխարհային կինոյի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկը:
«Ժակլինն արժանացել է մեր փառատոնի ամենամեծ «Փարաջանովի թալեր» մրցանակին, որը տրվում է անվանի համաշխարհային դերասաններին: Բայց հիմա չենք կարող տալ այն հանձնելու ենք փակման ժամանակ»,- ավելացրեց Հարություն Խաչատյանը:

Դերասանուհին իր խոսքը եզրափակեց` ներկայացնելով ֆիլմը. «Ֆրանսուա Տրյուֆոյի «Ամերիկյան գիշերը» պարունակում է կինեմատոգրաֆի բոլոր տարրերը` կատակերգությունից մինչև ողբերգություն։ Վստահ եմ, որ դահլիճից հեռանալու եք մեծ տպավորությամբ: Բարի դիտում բոլորիդ»:




















