Մարիոն Կոտիյարը կպարգևատրվի Պատվո Լեգեոնի շքանշանով

00:38 • 15.07.16

Ֆրանսիացի դերասանուհի Մարիոն Կոտիյարը կպարգևատրվի Պատվո Լեգեոնի շքանշանով (Ֆրանսիայի ազգային շքանշան, որը սահմանվել է Նապոլեոն Բոնապարտի կողմից): Այս մասին հայտնում է CineTeleRevue պարբերականը:

Այս մրցանակին նախկինում արժանացել են Կոտիյարի գործընկերներից Վանեսա Պարադին և Էմանուել Բեարը:

Շքանշանակիրների նոր ցուցակը բաղկացած է 654 անունից: Այդ ցանկում են ընդգրկվել նաև Պիեռ Ռիշարը և Նիլս Արեստրուպը:

Ինչ վերաբերում է Կոտիյարին, նա «Օսկար» կինոմրցանակի դափնեկիր է, որն ստացել է «Կյանքը ոսկեգույնով» ֆիլմում իր դերակատարման համար: Դերասանուհին նկարահանվել է նաև «Սկիզբը», «Մութ ասպետը. լեգենդի վերածնունդ» և «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմերում:

Պատվո Լեգեոնի շքանշանով պարգևատրվում են Ֆրանսիայի համար տարբեր ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձինք: Նախկինում Պատվո Լեգեոնի շքանանշանով պարգևատրվել է ամերիկացի դերասան Թոմ Հենքսը:

 

  

 

Մարիոն Կոտիյարը կպարգևատրվի Պատվո Լեգեոնի շքանշանով