Բռնաճնշումներն ու փախուստը՝ պատմական շրջափուլի մաս. Օզջան Ալփերին ներկա էր իր «Քամու հուշեր» ֆիլմի երևանյան պրեմիերային
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Երևանյան պրեմիերային ցուցադրվեց hայկական ծագումով թուրք ռեժիսոր և սցենարիստ Օզջան Ալփերի «Քամու հուշեր» (2015թ.) ֆիլմը:
Ֆիլմը նկարիչ և լրագրող Արամի մասին է, ով Երկրորդ աշխարհամարտի ժամանակ քաղաքական պատճառներով ստիպված է փախչել Ստամբուլի իր խմբագրությունից՝ կյանքը փրկելու համար: Խորհրդային Վրաստանի սահմանին՝ Սև ծովին սահմանակից անտառային գյուղերից մեկում հանգրվանած Արամի համար այս փախուստը վերածվում է 1915թ-ի ջարդերին մանկության կորած ժամանակի հետքերի որոնման:
Ռեժիսորը ֆիլմը նվիրել էր «ի հիշատակ՝ բոլոր մեռնողների, փրկվողների ու անշիրիմների»:
Ֆիլմի Երևանյան պրեմիերայից հետո ռեժիսորը հանդիսատեսի հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց, թե ինքը որպես ռեժիսոր բարձրաձայնում է մինչ օրս շարունակվող բռնաճնշումների ու հետապնդումների շրջափուլի մասին, որի պատճառով մարդիկ ստիպված են փախչել իրենց ծննդավայրից և շատ դեպքերում մեռնել՝ մնալով անշիրիմ:
«Տարբեր երկրներում բռնատիրությունը շարունակվում է և մարդիկ, որոնք ժողովրդավարության կողքին են, թերևս ստիպված են փախչել իրենց ծննդավայրից ու բնակավայրերից, որտեղ ապրում են: Մինչ օրս Թուրքիայում նույն խնդիրները շարունակվում է »,- ասաց նա:
Ռեժիսորը Սիրիայի գաղթականների հարցը համեմատեց հայերի պատմության հետ և նշեց՝ քաղաքակիրթ աշխարհն այդպես էլ չի կարողանում խնդրին լուծում գտնել: «Ինչպես 1915թ-ի հայերի տեղահանությունից հետո, այնպես էլ հիմա աշխարհը, մասնավորապես՝ Եվրոպան, արդեն Եվրախորհուրդը, խնդրի լուծումը տեսնում է ֆինանսական փոխհատուցման ձևով: Եվրոպան այսօր Թուրքիային գումար է հատկացնում սիրիացի գաղթականներին օգնելու համար: Դա նշանակում է, որ մարդկությունը, դժբախտաբար, չի կարողացել գտնել այդ խնդիրները լուծելու տարբերակը, և մենք՝ որպես ռեժիսորներ, թերևս նման ֆիլմերով ենք փորձում այս խնդրի վրա ուշադրություն սևեռել»,- ասաց նա:
Հանդիսատեսներից մեկը ֆիլմի հերոսի և հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զապել Եսայանի միջև նմանություն տեսնելով՝ հարցեց, թե ռեժիսորը գուցե զուգահեռներ է տեսել հերոսի և հայ գրողի մինչև, ով ցեղասպանություն էր տեսել, ապա տեղափոխվել Խորհրդային Հայաստան և ստալինյան բռնապետության տարիներին ձերբակալվել: Զապել Եսայանի կյանքի ողբերգական մահվան հանգամանքները մինչ այժմ անհայտ են:
Ռեժիսորը նշեց, որ ֆիլմում հերոսի կերպարը հորինված է, բայց վերցրված ինչպես Զապել Եսայանի, այնպես էլ շատ այլ մտավորականների կյանքից: «Իրականության մեջ այո՛, կապ ունեն իրար հետ, այլ հեղինակներ ևս Զապելի հետ կան, այնպես որ բոլորի կյանքը ինչ-որ տեղ շաղկապված է ճակատագրի առումով: Իհարկե, կերպարը իրական չէ, կառուցված է, բայց պատմական իրողությունների հիման վրա է»,- ասաց նա:
Նշենք, որ ֆիլմն արդեն իսկ արժանացել է մի շարք մրցանակների՝ լավագույն օպերատորական աշխատանք, լավագույն երաժշտություն, Անթալիայի «Ոսկե նարինջ» ԿՓ, Համբուրգի պրոդյուսերների մրցանակ, Համբուրգի ԿՓ Լավագույն օպերատորական աշխատանք, Թուրք կինոքննադատների ընկերակցության (SIYAD) մրցանակ, Լավագույն ֆիլմ, Մոնրեալի թուրքական ԿՓ:











