Հայկական ազգային երաժշտության գանձարանը ներկայանում է նորովի
Аrmenianmusic.am կայքը, որն ըստ էության, հայկական ազգային երաժշտության շտեմարան է, հանրությանը ներկայանում է նորովի. ռեդիզայնից հետո այն նաև հարմարեցվել է բջջային հեռախոսների համար և այդպիսով դառնում է էլ ավելի մատչելի ու հասանելի։
Հայկական ազգային երաժշտությունը մեկ տեղ հավաքելու գաղափարը նախագծի հիմնադիր-նախագահ Արթուր Ջանիբեկյանի մոտ ծագել է 2013 թվականին, երբ համացանցում «հայկական ազգային երաժշտություն» փնտրելիս տեսել է ամեն ինչ, բացի հայկական ազգային երաժշտությունից:

Հենց այդպես էլ առաջացել է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագիծն իրականացնելու գաղափարը, որն արդեն 2014 թվականից սկսել է իրագործել Արթուր Ջանիբեկյանի հիմնադրած «Մշակութային վերածնունդ» հիմնադրամը։
«Ցանկացած մոդելի հեռախոսով կարելի է մուտք գործել Аrmenianmusic.am կայք և ուսումնասիրել այն: Հեռախոսային տարբերակը բավականին պարզ է կառուցված: Կայքը ամբողջությամբ թարգմանված է 4 լեզվով՝ արևելահայերեն, արևմտահայերեն, ռուսերեն և անգլերեն: Аrmenianmusic.am կայքը, որտեղ զետեղված են ընտրված երգերի և՛ նոտաները, և՛ ձայնագրությունները, և՛ երգի բառերը, հնարավորություն է տալիս հեշտությամբ տեսնել նախագծի ամբողջ աշխատանքը, իսկ երգերն ընտրել ըստ դասակարգման: Կայքը հնարավորություն է տալիս երգերի բառերը կարդալ նաև լատիներեն տառադարձված տարբերակով: Նշված են նաև երգերի աղբյուրները», - ասաց նախագծի երաժշտական խմբագիր Լիլիթ Հարությունյանը:

Ծրագրի գլխավոր երաժշտական խմբագիր, խորհրդատու Արթուր Շահնազարյանը հիմնարար մասնակցություն է ունեցել ողջ երգացանկի և կատարողների ընտրության, ձայնագրությունների պատրաստման և կատարման գործում. նա կազմել և խմբագրել է «Հայկական ազգային երաժշտական գանձարան» ծրագրի շրջանակներում հրատարակվող, Կոմիտաս Վարդապետի նախատեսած «Հազար ու մի խաղ» հարյուր երգից բաղկացած ընտրանին:
Արթուր Շահնազարյանը խմբագրական աշխատանք է տարել նաև շարականների, տաղերի և մեղեդիների օնլայն-հրատարակություններում: Tert.am–ի հետ զրույցում կոմիտասագետը պատմեց նախագծի և «Հազար ու մի խաղ» ընտրանու մասին։

«Մեր ծրագրի փուլերից մեկն էլ հրատարակչությունն էր: Մենք ցանկացել ենք հրատարակել բացառիկ նյութեր, որոնցից մեկը Կոմիտասի «Հազար ու մի խաղ» հարյուր երգերից բաղկացած ընտրանին էր: 1905 թվականին Կոմիտասն ուզում էր հրատարակել իր ընտրած երգերը, սակայն համապատասխան գումար չի կարողացել գտնել: Փաստորեն միայն 110-ը տարի անց իրականացավ Կոմիտասի երազանքը: Հաջորդը, որ հրատարակում ենք «ժամագիրքն» է՝ եվրոպական նոտաներով: Երրորդը կլինի Մակար Եկմալյանի «Պատարագը»:
Tert.am-ի հետ զրույցում «Մշակութային վերածնունդ» հիմնադրամի տնօրեն և «Հայկական ազգային երաժշտական գանձարան» նախագծի ղեկավար Մարինա Սուլթանյանն ասում է, որ նախագիծն ուղղված է հայկական ազգային արժեքների պահպանությանն ու հոգևոր ժառանգության փրկությանը։

«Առկա խնդիրների լուծման կարևորագույն ուղղություն համարելով կրթությունն ու դաստիարակությունը՝ նպատակային աշխատանք է իրականացվել հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը նոր սերնդին փոխանցելու, այն հասարակությանը հասանելի ու մատչելի դարձնելու համար»,– ասաց Մարիա Սուլթանյանը՝ ավելացնելով, որ նախագծի առաջին փուլն ուսումնասիրություններն ու ձայնագրություններն էին:
«Այդ երգերը ճշգրտությամբ սովորեցրին կատարողներին, որպեսզի նրանք անսխալ կատարեն: Մեր թիմում ընդգրկված են պրոֆեսիոնալներ, ովքեր ճիշտ գիտեն իրենց գործը: Վերջիններս ոսկերչի ճշգրտությամբ ավարտեցին այս փուլը», - պատմեց նախագծի ղեկավարը։
Նյութը՝ Անահիտ Կասամանյանի










