Տիգրան Ձիթողցյանի «Հայկական հայելի II» աշխատանքը` Հայաստանի ազգային պատկերասրահում

14:18 • 16.07.16

Ամերիկահայ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայկական հայելի II» կտավն արդեն Հայաստանի ազգային պատկերասրահում է: Այդ մասին հայտնել է նկարիչը՝ սոցիալական ցանցերում:

 

«Հայաստանի ազգային պատկերասրահ, 3-րդ հարկն այսուհետ իմ «Հայկական հայելի II»-ի համար նոր և մշտական տունն է»,- գրել է նկարիչը Facebook սոցիալական ցանցում:

 

Ավելի վաղ հաղորդվել է, որ ամերիկահայ հայտնի նկարիչ Տիգրան Ձիթողցյանը, ով գերիրական նկարչության ժանրի լավագույն վարպետներից է, ժամանել է հարազատ Երևան:

 

Տիգրան Ձիթողցյանը ծնվել է Երևանում։ Նկարել սկսել է 5 տարեկան հասակից։ Առաջին անհատական ցուցահանդեսն ունեցել է 10 տարեկանում, որտեղ ներկայացրել է շուրջ 102 յուղաներկ նկարներ, որոնք ցուցադրվել են նաև Իսպանիայում, Ռուսաստանում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում։


1993-1999 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, այնուհետև կրթությունը շարունակել է Շվեյցարիայի École Cantonale d'Art du Valais-ում, 2002 թվականին ստացել է բակալավրի աստիճան, 2005 թվականին՝ Հանրային բնագավառի արվեստի մագիստրոսի աստիճան (MAPS)։ 2009 թվականից հաստատվել է Նյու Յորքում:

 

 

Տիգրան Ձիթողցյանի «Հայկական հայելի II» աշխատանքը` Հայաստանի ազգային պատկերասրահում