ԵՄ-ում ահաբեկչության կասկածանքով 2015 թվականին ձերբակալվել է ավելի քան հազար մարդ. Եվրոպոլ
ԵՄ-ում 2015 թվականին ահաբեկչության կասկածանքով ավելի քան հազար մարդ է ձերբակալվել: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասված է Եվրամիության ոստիկանական ծառայության՝ Եվրոպոլի «Իրավիճակը և միտումները. ահաբեկչությունը ԵՄ-ում» զեկույցում։
Փաստաթղթում, մասնավորապես, ընդգծվում է, որ «2015 թվականին Ֆրանսիան դարձել է ահաբեկչությունից առավել տուժած երկիր»: Այստեղ էլ իրականացվել են ձերբակալությունների մեծ մասը՝ 1077 մարդուց 424-ը ձերբակալվել է հենց Ֆրանսիայում:
«Այդ 1077 մարդուց ճնշող մեծամասնությունը՝ 94 տոկոսը մեղավոր է ճանաչվել և ազատազրկվել է»,- ասված է փաստաթղթում:
Բացի այդ զեկույցում նշվում է, որ չստացված և կանխված կամ իրականացված ահաբեկչությունների թիվը Եվրոպայի երկրներում անընդհատ մեծանում է: 2013 թվականի 152-ից այդ թիվը 2015 թվականին դարձել է 211: 2015 թվականին ընդհանուր առմամբ ահաբեկչությունների հետևանքով ԵՄ-ում զոհվել է 151 մարդ, ևս 360-ը վնասվածքներ են ստացել:










