Թուրքիայում ապստամբության պատճառով ձերբակալվել է կամ աշխատանքից հեռացվել 45 հազար մարդ

10:45 • 20.07.16

Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի իշխանությունների կողմից 45 հազար մարդ է ձերբակալվել կամ աշխատանքից հեռացվել, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Նրանց թվում բացի զինվորականներից և ոստիկաններից կան դասախոսներ, համալսարանների դեկաններ և լրագրողներ, որոնք, թուրքական իշխանությունների համոզմամբ, բավականաչափ հավատարիմ չեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

 

Ընդհանուր առմամբ աշխատանքից հեռացվել է մոտ 15 հազար ուսուցիչ և դասախոս, 1500 դեկան, ՆԳՆ մոտ 9 հազար աշխատակից, ֆինանսների նախարարության 1500 և վարչապետի գրասենյակի մոտ 250 աշխատակից:

 

Ձերբակալվել է նաև 6 հազար զինծառայող, հեռացվել է 9 հազար ոստիկան և 3 հազար դատավոր: Իշխանությունները պնդում են, որ նրանք աջակցում էին քարոզիչ Ֆեթհուլահ Գյուլենին, ում Անկարայում համարում են ապստամբության հնարավոր կազմակերպիչը:

 

Լույս հուլիսի 16-ին զինվորականների խումբը փորձել է ռազմական հեղաշրջում կատարել Թուրքիայում: Անկարայի և Ստամբուլի փողոցներ ռազմական տեխնիկա է դուրս եկել, լսվել են կրակոցներ և պայթյուններ:  Հեղաշրջման ձախողումից հետո ուժայինները ձերբակալել են ավելի քան վեց հազար մարդու:

Անկարայի տվյալներով ապստամբության փորձի հետևանքով զոհվել է 290 մարդ: