Ավելի վատ ժամանակ հնարավոր չէր գտնել այդպիսի ապուշ քայլի դիմելու համար. Անդրանիկ Միհրանյանը «Սասնա ծռերի» գործողությունների մասին

19:35 • 21.07.16

Ես կարծում եմ, որ այդ զինված խումբը զրկված է ուղեղի նույնիսկ վերջին մասնիկներից. ավելի վատ ժամանակ հնարավոր չէր գտնել այդպիսի ապուշ քայլի դիմելու համար. Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանահայ քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը՝ խոսելով «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ոստիկանական շենքը գրավելու և ոստիկաններ պատանդ վերցնելու մասին:

«Ես չեմ ճանաչում, թե այդ մարդիկ ովքեր են, բայց դրանք տարրական քաղաքական հոտառություն չունեն: Նրանք ընդհանրապես զրկված են նորմալ մտածելակերպից: Անգամ մեր թշնամիները չէին կարողանա միջազգային դաշտում նման վնաս բերել այսօրվա Հայաստանին »,- ասաց նա՝ պատճառաբանելով իր դիտարկումը.«Այն ժամանակ, երբ խոսվում է, որ Թուրքիայում հեղաշրջում է կատարվում, թուրքական իշխանությունները կորցրել են կապն իրենց ժողովրդի հետ, նույն ժամանակ Ալիևը փորձում է ճնշում գործադրել, մի՞թե հասկանալի չէր, որ Հայաստանի ներքին կյանքը ապակայունացնելը թուլացնելու էր հայկական ղեկավարության դիրքը միջազգային հարթակում այն մեծ խնդիրները քննարկելու և լուծելու ժամանակ, որոնք կապված են և՛ Հայաստանի, և՛ Լեռնային Ղարաբաղի, և՛ ընդհանրապես ամբողջ տարածքի և ապագայի հետ»:

Ըստ Անդրանիկ Միհրանյանի՝ այս իրավիճակից հիմա գոհ են Էրդողանն ու Ալիևը և «ծափահարում են» զինված խմբավորման անդամներին: Քաղաքագետը նշեց, որ, գուցե, զինված խմբավորումը ինչ-որ խնդիրներից է դժգոհ և փորձել է այդպես բարձրաձայնել, բայց պետք է հաշվի առներ, թե ինչ իրականության մեջ է ապրում և ինչ հետևանքների կարող էր առաջանալ:

Հարցին, թե ինչ պետք է արվի իրավիճակը հանդարտեցնելու համար, Անդրանիկ Միհրանյանը պատասխանեց. «Եթե Հայաստանին լիներ ուրիշ մի ղեկավար, ոչ թե Սերժ Սարգսյանը, վաղուց արդեն այդ տեղամասը գրոհել էին. ոստիկանական գործողությունների արդյունքում մի 10-20 հոգի զոհվել էին, և հարցը վերջացել էր, բայց, իհարկե, դժվար թե այդ զինված խումբը հասկանա, թե ինչ է կատարվում, որովհետև եթե այդ չկատարվեց միայն այն պատճառով, որ երկրի ղեկավարությունը, հատկապես երկրի նախագահը, մտահոգված են, որ այսպիսի փոքր հանրապետության մեջ այդպիսի իրադարձությունները կբերեն զոհերի և արյունահոսության»:

Անդրանիկ Միհրանյանը նկատեց, որ երկրի ղեկավարությունը, այնուամենայնիվ,  փորձում է խնդիրը բանակցությունների միջոցով լուծել: Քաղաքագետը չբացառեց, որ եթե հասարակության և ոստիկանության միջև բախումները շատանան, կլինեն վերջնական ու կտրուկ գործողություններ. «Որովհետև նրանք ստեղծել են ներքին քաղաքական ճգնաժամ: Այդ ճգնաժամը չի կարող անվերջ շարունակվել, մանավանդ այն համատեքստում,  որ Ֆրանսիայում նախապատրաստվում են հանդիպումներ, Միացյալ Նահանգները, Ռուսաստանն են մասնակցում»

Հիշեցնենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ «Սասնա ծռեր» խմբավորման զինված անդամները գրավել են ոստիկանական շենքը և պահանջում են ազատ արձակել Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանին։