«Սասնա ծռեր» զինված խումբն օր առաջ պետք է հանձնվելու որոշում կայացնի. Արծվիկ Մինասյան

12:24 • 21.07.16

Այսօր էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ երկրում ստեղծված իրավիճակին՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՀՀ ոստիկանության պահակակետև գրավելուն և դրան հաջորդած ակցիաներին։

Նա նշեց, որ իրավիճակի լիցքաթափումը պահանջում է, որ հանդուրժողականությունը տիրի, ողջախոհությունը հաղթի և զինված հարձակումը կազմակերպած անձինք ընկալեն, որ ՀՀ-ում պետք  է գործի օրենքը, սահմանադրական նորմը և օր առաջ որոշում կայացնեն հանձնվելու մասին:

Ինչ վերաբերում է հարցին, թե իր համար այդ մարդիկ ապստամբնե՞ր են, թե՞ ահաբեկիչներ Արծվիկ Մինասյանն ասաց, որ քրեական օրենսգրքի հոդվածներում կա նկարագրված «պատանդ վերցնել» արտահայտությունը ինչ է նշանակում:

«Ինչ վերաբերում է  այլ ընկալումներում, ապա ես վստահ եմ, որ դա առաջիկայում քննարկվելու է»,-ասաց նա:

Անդրադառնալով ոստիկանության գործողություններին՝ նախարարն ասաց. «Այնքանով, որքանով հետևել եմ ոստիկանության գործողություններին, ես նույնիսկ բարձր եմ գնահատում հանդուրժողականության այն մակարդակը, որ ցուցաբերվեց»:

Չնայած դրան՝ նա նշեց, որ եթե մանրամասն քննություն կատարվի, ապա համոզված է, որ կարող է առանձին դրվագներ, դեպքեր  լինեն, երբ կա ոչ իրավաչափ վարքագիծ և ոչ համաչափ դրսևորում:

«Երբ առանձին դրվագներում տեսնում էինք, որ ակնհայտ սադրիչներ կան, որոնք հրահրում են բախումներ, այդ մարդիկ նաև վերջին հաշվով բոլորի իրավունքների ոտնահարման գործողություններ են իրականացնում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է պնդումներին, թե իշխանությունը լռում է, ապա նա ասաց, որ վարչապետը հայտարարություն է արել, և որոշ մարդկանց համար այդ հայտարարությունը ոչինչ չասող է, որոշների համար ամեն ինչ ասող է։

«Ես, որպես կոալիցիայի անդամ քաղաքական ուժի ներկայացուցիչ, ասում եմ, որ այս պահին գործընթացը գտնվում է իրավապահ համակարգի տիրույթում։ Թողեք հանգուցալուծվի, ավելորդ լարվածություն պետք չէ ստեղծել: Ավելին՝ ես համոզված եմ, որ այն տղաները, գոնե մի մասին, որոնց ես էլ եմ ճանաչում և ովքեր որ Արցախի ազատագրական պայքարում  ներդրել են իրենց կյանքը, այդ մարդիկ նույնպես ողջախոհություն կդրսևորեն և հանդես կգան կոնկրետ իրավիճակը լիցքաթափելու գործողություններով»,-ասաց նա և նշեց, որ իր համար ակնհայտ է, որ անհանդուրժողականությունը հասարակությունում դարձել է այն աստիճան, որ մարդիկ մտածում են, որ քաղաքական խնդիրներ կարելի է լուծել այդ ձևերով:

«Եթե մենք անգամ մտածենք, որ սա քաղաքական խնդիր է, ապա ակնհայտ է, որ դա ձև չէ: Ես տեսնում եմ նաև հասարակական գործիչների հայտարարություններ, որոնք փորձ են անում այս դեպքերը զուգորդել ազգային-ազատագրական պայքարի հետ, որոնք ոչ միայն տեղին չեն, խեղաթյուրում են ամեն ինչ, նաև ազգային արժանապատվությանը հարված է նման համեմատություններ տալը»,-ասաց նա: