Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է թուրքական ռազմական բազայի ստեղծման մասին տեղեկությունը

10:06 • 21.07.16

ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը Ադրբեջանի տարածքում ինչ-որ օտար պետության ռազմական բազայի ստեղծման մասին ոչ մի հիմք չունի և չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թահիրովը՝ մեկնաբանելով Ադրբեջանում Թուրքիայի ռազմական բազայի ստեղծման մասին տեղեկությունները, հայտնում է interfax.ru-ն:

 

Թահիրովի վկայակոչմամբ նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ 1999 թվականից Հաջի Զեյնալաբդին Տագիևի բնակավայրում գտնվող օդանավակայանն օգտագործվում է Կոսովոյում, Աֆղանստանում և Իրաքում խաղաղապահ առաքելություններ ադրբեջանցի զինծառայողներին ուղարկելու համար: Օդանավակայանի տերմինալներից մեկում նախատեսվում են սենյակներ` ինքնաթիռների տեխնիկական աշխատանքներ իրականացնող աշխատակիցների և օդաչուների հանգստի համար:

 

Նրա խոսքերով՝ Աֆղանստան և այնտեղից հետ Ադրբեջան զինծառայողներին տեղափոխում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Ինքնաթիռի մեկնումից հետո սենյակները փակվում են, հանձնվում ադրբեջանական կողմին, Թուրքիայի ռազմական ատաշեի ներկայացուցիչները լքում են տարածքը: