Բրյուսելի ոստիկանությունը իրանցի գիտնականին ահաբեկիչ է կարծել և 5 ժամանոց հատուկ գործողություն է իրականցրել

14:37 • 21.07.16

Բրյուսելում ենթադրյալ ահաբեկչի ձերբակալության ոստիկանական հատուկ գործողության պատճառը դարձել է լեզվական խնդիրը: Ենթադրյալ ահաբեկիչը Իրանից դոկտորանտ է եղել, ով Բրյուսելի կենտրոնում ռադիացիոն դաշտի մակարդակի չափումներ էր իրականացնում, գրում է РИА Новости-ն:

 

Ինչպես հայտնել են Գենտի համալսարանում, դոկտորական թեզի պաշտպանությանը պատրաստվող իրանցին կարող է խոսել բացառապես անգլերեն լեզվով: Հաղորդվում է, որ դոկտորանտը իր փորձերը կատարելու նպատակով հատուկ հագուստ է հագել՝ չափման սարքերով, որոնք երևացող լարերի պատճառով քաղաքացիները, հավանաբար, մահապարտի գոտու հետ են շփոթել: Իրանի քաղաքացին իր հետ ունեցել է Գենտի համալսարանի տրամադրած փաստաթուղթը, որը հաստատում էր, որ նա գիտական հետազոտություններ է իրականացնում:

 

Նրա ձերբակալության հատուկ գործողությունը տևել է մոտ հինգ ժամ: Դրա ավարտին Բրյուսելի ոստիկանության ներկայացուցիչը հայտարարել է, որ տեղի կոմիսարիատը մտադիր է դատական կարգով «ահաբեկչից» պահանջել հատուկ գործողության իրականացման ծախսերի փոխհատուցում: Դրա երկար բնույթը նա բացատրել է երիտասարդ տղամարդու պասիվ և կասկածելի պահվածքով՝ նրա հետ իրավապահների կապ հաստատելու փորձերի ժամանակ:

 

Հատուկ գործողությունը սկսվել է քաղաքի կենտրոնական հատվածում կասկածելի տղամարդու հայտնվելու մասինոստիկանության ստացած ահազանգից հետո։ Տղամարդը, չնայած եղանակին, երկար վերարկու է կրում, որի տակից լարեր են երևում: